![]()
«Հարկայինի հետ ինչ խնդիր պետք է ունենամ, ես իմ բիզնեսները հանձնել եմ կառավարման, գնացեք կառավարիչներին հարցրեք»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հարկային մարմիններն ստուգումներ են իրականացնում իր բիզնեսներում։
Անդրադառնալով իր կողմից իրականացվող ներդրումներին՝ Ծառուկյանն ասաց, որ «արդեն չորս օր ներկայացվում ա միայն 2018-2019 թվականների Ծառուկյանի ներդրումները, ծրագրերը, որոնց մենք ներկայացրել ենք»։ Նա նշեց, որ ներդրումներ միշտ արել է և անելու է։
Ըստ Ծառուկյանի՝ կառավարության տնտեսական ծրագիրը չի կարող տնտեսական հեղափոխություն բերել։
«Ես ասել եմ, որ այդ ներկայացված կառավարության ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի կարող լինել։ Ես կարող եմ գրել-ստորագրել՝ դա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, և տնտեսական հեղափոխություն չի կարող լինել այդ ծրագրով ու մոտեցմամբ։ Այդ ծրագիրը տնտեսական հեղափոխությունից 100 կիլոմետր հեռու ա»,-ասաց նա։
![]()