![]()
Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ջերմուկցիներին խնդրել է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները։
«Ջերմուկի մեր սիրելի բնակիչներին պաշտոնաապես խնդրում եմ ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները։ Ես արդեն հանձնարարական եմ տվել բնապահպանության տեսչական մարմնին, որ Ամուլսարում սկսի ստուգումներ։ Շրջակա միջավայրի նախարարությունը մի շարք հարցեր է բարձրացրել և այդ հարցերի պատասխանը գտնելու որոշակի լիազորություն ունի տեսչական մարմինը»,-նշել է Փաշինյանը։
Փաշինյանը նշել է, որ եթե տեսականորեն այսօր բացվեն Ամուլսար տանող ճանապարհները, ապա շինարարությունը չի սկսվելու առնվազն մինչև 2020թ-ի ապրիլ ամիսը։
«Բայց այդ ճանապարհի փակ լինելը միջազգային տնտեսական վարկանիշի տեսակետից Հայաստանի համար լրջագույն խնդիրներ է առաջացնում և դա մենք արդեն տեսնում ենք։ Եվ ես հիմա այս խնդրանքով դիմում եմ Ջերմուկի մեր սիրելի բնակիչներին նաև սա հաշվի առնելով, որ եթե հիմա ենթադրենք ճանապարհը բաց է, շինարարական աշխատանքները «Լիդիան» ընկերության ներկայացուցիչների պնդմամբ մյուս տարվա ապրիլից շուտ չեն սկսվելու, և մինչև մյուս տարի մենք հնարավորություն ունենք հանդարտ պայմաններում, առանց լարվելու ստանալ բոլոր հարցերի պատասխանները»,-նշել է Փաշինյանը։
![]()