![]()
Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ ՍԴ որոշումն, այսպես ասած, «ինքն իր համար» որոշում էր։
Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակեց Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, որի համաձայն, Քրեական դատավարության օրենսգրքի՝ Քոչարյանի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց հակասահմանադրական եւ անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող:
Որոշման եզրափակիչ մասը կարդաց ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ ՍԴ դատավորներ Արման Դիլանյանն ու ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հատուկ կարծիք են հայտնել։ Այս որոշումը տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձավ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը պնդում էր, որ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անհապաղ պետք է վերացվի եւ որ խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը, իսկ նրանց ընդդիմախոս փաստաբանները պարզաբանում էին, որ այս որոշումը առնչություն չունի Քոչարյանի եւ նրա կալանավորման հիմքերի հետ։
Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ՍԴ-ն չի կարող Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի հակասահմանադրականությունը այդ ձեւաչափով՝ Սահմանադրության 61, 63, 27 հոդվածների իմաստով հակասահմանադրական եւ անվավեր ճանաչել, որովհետեւ 35 հոդվածում չկա մի այնպիսի հիմք, որը վերաբերելի լինի Ռոբերտ Քոչարյանին:
Նշենք, որ Սահմանադրության սույն հոդվածները սահմանում են, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունք:
«Ես ուղղակի կուզենամ, որ ՍԴ որոշումը ստացված լիներ, եւ մենք կարողանայինք հասկանալ, թե այս 35-րդ հոդվածի եւ անձի դատարան դիմելու իրավունքի միջեւ ինչ խախտում կա, ինչ է նշանակում, քանի որ 35-րդ հոդվածում կարգավիճակին վերաբերող դրույթ չկա, թե խախտվել է նրա դատարան դիմելու իրավունքը»,- ասաց Սաֆարյանը՝ շարունակելով, որ Քոչարյանն այս ամբողջ ընթացքում օգտվել է բացարձակապես անսպառ դատարան դիմելու, անսպառ կայացված որոշումները բողոքարկելու, Եվրոպական դատարան դիմելու իրավունքից, եւ չի էլ ասել, որ իր՝ այդ իրավունքների խախտում կա: «Այս տեսանկյունից, ես կարծում եմ, որ անհամադրելի է սահմանադրական նորմերի եւ քրեական դատավարության համապատասխան նորմի միջեւ առկա հակասության արձանագրումը:
Եվ շատ եմ ուզում, որ նույն անձի անձեռնմխելիության տեսանկյունից, անձնական ազատության տեսանկյունից վերլուծություն կատարվի, որովհետեւ, ըստ իս, նորություն ասած չեմ լինի, որ հիմնավոր կասկածի առկայության պայմաններում անձի նկատմամբ, այսինքն՝ նույն Քոչարյանի նկատմամբ, ընտրվել է խափանման միջոց, ինչը նորմալ, իրավաչափ սահմանափակում է նրա ազատությունը։ Նրան չեն տարել՝ ոստիկանությունում օրերով պահել, որ ասենք՝ գիտեք, թույլ է տրվել անձնական ազատության սահմանափակում»,- մեկնաբանեց Սեդա Սաֆարյանը։
![]()