![]()
Այս տարի Հայաստան ռեկորդային թվով ավտոմեքենաներ են ներկրվել։ Մեր եկամուտ հաշվող մարմինն, իհարկե, կառարկի, բայց այն երկրների աչքը լույս, որոնք ազատվել են իրենց գլխացավանք աղբից, այն էլ ոչ թե նվիրելով, այլ վաճառելով մեզ։
Նորվեգիայում ամենածեր ավտոմեքենան չորս տարեկան է, ընդ որում հաշվի է առնվում ոչ թե ավտոմեքենայի վազքը, այլ՝ տարիքը։ Այդ երկրում չորս տարեկան ավտոմեքենաների համար սկսում է գործել էկոլոգիական այնպիսի հարկ, որից խուսափում են գրեթե բոլորը։ Նորվեգացին իր ավտոմեքենան վերադարձնում է պետության երկրորդային շուկային, ստանում նորը, և այսօր նորվեգներն ունեն աշխարհի լավագույն մթնոլորտը։
Հայաստան ներկրվող ավտոմեքենաների միջին տարիքը տասից տասնհինգն է։ Հիշում եք, մեր երկրի ղեկավարներից մեկը իր ընդիմախոսներին յուղ վառող էր անվանում։ Որևէ մեկը հաշվել է, թե այս փոքր Հայաստանում այսօր քանի ավտոմեքենա է յուղ վառում բառի ամենաուղիղ իմաստով։
Եթե որոշեք հաշվել, չմոռանաք նաև երկիրն արդեն բռնաբարած ավտոմեքենաների գերեզմանները։ Երբ կհաշվեք, դրեք Թեղուտի փլուզման սպասող պոչամբարի և քաղցկեղ տարածող Քաջարանի կողքին, որպեսզի հետո հիշեք, թե Աստծո դրախտավայր Հայաստանից ինչն է մնալու աշխարհի քարտեզին․․․
![]()