![]()
Ծառայողական քննություն է նշանակվել Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունը ստուգելու համար: Այդ մասին այսօր «Ազատությանը» հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:
Հարցին՝ ծառայողական քննությունը նշանակվել է Քննչական կոմիտեի՞ նախաձեռնությամբ, խոսնակն արձագանքեց․ — «Ծառայողական քննությունները միշտ նշանակվում են Քննչական կոմիտեի ցանկությամբ»:
Հարցին էլ՝ ինչի՞ց ելնելով կասկածներ ի հայտ եկան, որ հնարավոր է՝ Իվանյանը անաչառ չի եղել որպես քննիչ Ամուլսարի գործով, Հարությունյանը պատասխանեց․ — «Հաշվի առնելով վերջին շրջանում հասարակության հնչող մտահոգությունները՝ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի և նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ազգականը լինելու հետ կապված լուրը հրապարակվելուց հետո, եթե հիշում եք, հասարակության շրջանում որոշակի կասկածներ էին առաջացել, որոշակի տեղեկատվություններ էին հրապարակվում, էդ տեղեկատվությունները ստուգելու համար նշանակվել է ծառայողական քննություն»:
«Իսկ միայն դա՞, թե՞ նաև այն տեսակոնֆերանսը, որ տեղի ունեցավ վարչապետի մասնակցությամբ և որտեղ նաև վարչապետը անակնկալի եկավ, երբ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն կոնկրետ հավելյալ մեղմացման քայլեր էր պահանջել ELARD-ից, որից վարչապետը տեղյակ չէր և պահանջեց հենց այդ պահին իր էլեկտրոնային հասցեին ուղարկել», — այս հարցին էլ Նաիրա Հարությունյանն արձագանքեց․ — «Ահա, և երբ իր էլեկտրոնային հասցեին ուղարկեցին այդ նամակը և ընթերցեցին, ի՞նչ էր այնտեղ գրված:
Ես արդեն նշեցի, թե ծառայողական քննությունը ինչ հիմքով է նշանակվել: Ծառայողական քննությունը ունի մի նպատակ, մի հարցի վերաբերյալ է եղել, որը ես արդեն նշեցի»:
![]()
աղբյուրը՝ Azautyun.am
![]()