![]()
Գիտելիքի և դպրության օր, պետական տոն, նշվում է սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը։ Նշվում է 1984 թվականից, հաստատվել է ԽՍՀՄ Բարձրագույն խորհրդի նախագահության՝ հունիսի 15-ի № 373-11 «Սեպտեմբերի 1-ը համաժողովրդական տոն՝ Գիտելիքի օր հայտարարելու մասին» հրամանագրով: Պետական տոն է Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և Ղազախստանում:
Սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը հին ակունքներ ունի: 4-րդ դարում՝ 325 թվականի մայիսի 20-ին, Բյութանիայի Նիկիա քաղաքում բյուզանդական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի հրամանով գումարվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովը, որտեղ որոշում կայացվեց նոր տարին սկսել սեպտեմբերի մեկից։
Ըստ ավանդության Արիստակեսը Հայաստան է բերում Նիկիական ժողովի որոշումները և ներկայացնում Գրիգոր Լուսավորչին։ Վերջինս դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ։ Եվ քանի որ այդ ժամանակաշրջանում բոլոր դպրոցները գործում էին եկեղեցիներին կից, նոր ուսումնական տարին ևս սկսեցին նշել սեպտեմբերի մեկին:
![]()
![]()