![]()
Լիզա Ճաղարյանը գրում է․
Քոչարյանի «փառապանծ» տարեդարձի առթիվ զանազան սրտապատառ շնորհավորանքների «ոտնահետքերով»
Փաստ է. ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը բռնակալ էր։ Անհերքելի է. Քոչարյանի բռնատիրության տարիներին իշխանական օղակներում նույնիսկ ճանճը չէր կարող տզզալ առանց նրա հրամանի եւ իմացության։
Փաստ է. ահա այս բռնակալի անմիջական հրամանով 2008-ի մարտին Արցախից զորք է բերվել Հայաստան, հետն էլ՝ դիպուկահարներ։ Անհերքելի է. սա դիվային քայլ է միաժամանակ ե՛ւ Արցախի նկատմամբ, ե՛ւ Հայաստանի։
Փաստ է. մինչ օրս Արցախի վերնախավը նույնիսկ կիսաձայն չի դատապարտել Քոչարյանի այս քայլը։ Անհերքելի է. քանի դեռ Արցախի իշխանությունն առաջնորդվում է «իմ ու քո»-ի դատապարտելի բաժանմամբ, պղտոր ջրերը չեն զուլալվելու։
Իսկ «պղտոր ջուր» ասվածը հենց այն «սեպ»-ն է, որի մասին ճամարտակում են Արցախի եւ Հայաստանի միասնությամբ (իբր) «մտահոգվածները»։
Եվ ո՞նց է արտահայտվում այդ «մտահոգությունը», սա էլ գիտենք վաղուց եւ անգիր. պետք չէ բարձրաձայնել ո՛չ Արցախից բերված զորքի մասին, ո՛չ դիպուկահարների, ո՛չ ապրիլյան պատերազմի ողբերգական էջի պատճառների մասին։ Սա է «մտահոգների» որդեգրած կեցվածքը։
Այսինքն, արցախցիներն անքննելի են, նրանց ցանկացած քայլ արժանի է միայն գովերգության, իսկ եթե նույնիսկ կատարվել են ինչ-ինչ մութ քայլեր, ապա դրա մասին պետք է լռել, որ «դուշմանը» չուրախանա։ Այսինքն, պատերի տակ բամբասեք, իրար ականջի փսփսացեք, խոցը թող մեծանա, թարախակալի, գարշահոտ արձակի, բայց պետք չէ դրա մասին բարձրաձայնել, ատամներդ սեղմեք ու տնքացեք ձեր տներում, կարող եք նաեւ անզորությունից ատամ կրճտացնել չորս պատերի ներսում։
Իրավիճակը սա է. սեփական կաշին փրկելու համար ամբաստանյալ Քոչարյանը պատրաստ է ցանկացած ստորության։ Պատրաստ է վաճառել բոլորին, պատրաստ է իր ստեղծած իրավիճակի մեղավոր հայտարարել ցանկացածին, պատրաստ է «բացահայտել», որ ազատագրված տարածքները Արցախի հետ կապ չունեն (հո մտքներովդ չի՞ անցել, որ սա փաստաբան Խուդոյանի հանճարեղ ուղեղաժայթքման հետեւանքն է)։
Ամոթալի՞ իրավիճակ է։ Մեղմ է ասված։
Իսկ այս իրավիճակը շատ պարզ լուծում ունի։
Քոչարյանի հրամանը կատարած զինվորականներն ընդամենը պետք է փորձեին արդարանալ, որ չէին կարող չկատարել «Գերագույն հրամանատարի» հրամանը։ Կարող են բազմաթիվ պատճառներ բերել, թե ինչու չէին կարող։ Թող դատարանը որոշի, թե այդ պատճառներից ո՛ր մեկն է ընդունելի, որը՝ ոչ։ Արցախի իշխանությունները եւ քաղաքական ուժերը պետք հանդես գան հայտարարություններով եւ դատապարտեն Քոչարյան Ռոբերտին՝ Արցախի եւ Հայաստանի նկատմամբ նման զարհուրելի հանցանք կատարելու համար, իրե՛նք էլ պետք է փորձեն արդարանալ, թե ինչու են ժամանակին լռել։ Թող դատարանը որոշի իրենց հանցանքի չափը։
Դրանից հետո կտեսնեք, թե ինչպես է արեւի տակ պաղպաղակի պես հալվում ու անհետանում այդ անիծյալ սեպը։
Հակառակ պարագայում, սիրելի արցախցիներ, ստիպված եք համակերպվել, որ այդ սեպը կա եւ ավելի է մեծանալու, քանի դեռ դուք առաջնորդվում եք «Ռոբիկը մերն է, ինչ էլ արած լինի, պիտի ճղվելով պաշտպանենք» նշանաբանով։
Այդ դեպքում հայաստանցիներս էլ ստիպված ենք լինելու մտածել, որ մենք ձերը չենք՝ դրանից բխող դառը հետեւություններով։
Եվ ուրեմն՝ սեպ կա, եկեք չխաբենք իրար։ Այդ սեպը խրվել է Ռոբերտ Քոչարյանի Հայաստան ոտք դնելուց ի վեր ու առատորեն ջրվել ու սնվել է քսան տարի շարունակ։
Եվ այս իրավիճակում, երբ Քոչարյանը չի թաքցնում, որ պատրաստ է բոլորին ոտնատակ տալ, Արցախն ու Հայաստանն էլ՝ հետը, միայն թե իրեն հնարավորություն տրվի ազատության մեջ անպատիժ վայելել տարիների թալանածը, եւ դրան զուգահեռ՝ Արցախում շարունակում են կույր համառությամբ մի նժարին Քոչարյանին դնել, մյուս նժարին՝ Հայաստանը, այդ սեպը շարունակելու է արմատակալել եւ հետագայում շատ ավելի դժվար է լինելու չեզոքացնել այդ կործանարար վտանգը։
Դեն շպրտեք ձեր ուսերից Քոչարյանի գործած հանցանքների բեռը։ Հասարակությունն անչափելի ներողամիտ է դառնում միայն այն ժամանակ, երբ տեսնում է, որ մեղավորն անկեղծորեն զղջում է, երբ զգում է, որ չեն խաբում իրեն, անկեղծ են իր հետ։
Միասնական, բացճակատ առաջ ընթանալու միակ ճանապարհը սա է, շատ սիրելի արցախցիներ։
Թե՞ դուք այլ ճանապարհ էլ գիտեք, բայց չեք ասում։
Քոչարյանի «փառապանծ» տարեդարձի առթիվ զանազան սրտապատառ շնորհավորանքների «ոտնահետքերով»Փաստ է. ամբաստանյալ Ռոբերտ…
Posted by Լիզա Ճաղարյան on Saturday, August 31, 2019
![]()