Դատարանը որոշեց կալանավորել Գագիկ Խաչատրյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին։ Դատարանը, սակայն ոչ իրավաչափ է համարել Խաչատրյանին ձերբակալելու որոշումը։

Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանում վիճարկում էր Խաչատրյանի ձերբակալության որոշումը՝ պնդելով, որ այն իրավաչափ նպատակ չի հետապնդում: Ըստ փաստաբանի՝ օրենսդրությամբ նախատեսվում է անձին ձերբակալել՝ կանխելու համար հանցագործությունը կամ դրանից անմիջապես հետո հնարավոր փախուստը, մինչդեռ Խաչատրյանին վերագրվող ենթադրյալ չարաշահումները ըստ պաշտպանի` կատարվել են 2010, 2015-2016 թվականներին, այսինքն՝ ձերբակալությամբ դրանք կանխելու նպատակ չէր կարող դրվել:

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման մեջ։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին: Նույն օրն առավոտյան խուզարկություններ են կատարվել նրանց պատկանող տարածքներում: Նրանց առաջադրված մեղադրանքն առնչվում է Գագիկ Խաչատրանի` Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ