![]()
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, պետական գերատեսչությունների և շահագրգիռ կառույցների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով խորհրդի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ մինչ բուն օրակարգին անցնելը մի քանի շեշտադրում է ցանկանում անել։ Կառավարության ղեկավարը, մասնավորապես, իր խոսքում նշել է.
«Կարծում եմ՝ ակնհայտ է բոլորին, որ Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ ամբողջական պայքար մղելու քաղաքական կամք ունի, այս հարցում հետևողական է և շարունակելու է լինել հետևողական: Ընդ որում, երբ մենք ասում ենք, որ Հայաստանից կարողացել ենք արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, ըստ էության, այս արձանագրումը երևում է նաև հանրության արձագանքից, որովհետև այս փաստաթղթերում ես տեսա նաև տվյալ, որ մայիսին տեղի ունեցած հարցումներով՝ Հայաստանի քաղաքացիների ավելի քան 84 տոկոսն արձանագրել է, որ ինքը ականատես չի եղել, այսինքն՝ չի առնչվել կոռուպցիայի դեպքերի, ինչն, իհարկե, շատ կարևոր արձանագրում է:
Բայց ուզում եմ նաև արձանագրել, որ այս ընթացքում, վերջին մեկ տարվա ընթացքում մենք կոռուպցիայի դեմ պայքարի առումով ունենք նաև որոշակի ինստիտուցիոնալ խնդիրներ և բարդություններ՝ այն առումով, որ կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունները, քննությունները և առավել ևս կոռուպցիայի արդյունքում հասցված վնասի վերականգնումները չեն ընթանում այն ծավալներով և մասշտաբներով, ինչը մենք, բոլորս և հանրությունն իրավունք ունի ակնկալել: Այստեղ առկա են բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ, և այդ խնդիրներից ոչ երկրորդական տեղ են զբաղեցնում ինստիտուցիոնալ խնդիրները: Այդ ինստիտուցիոնալ խնդիրների մի մասը նկատելի է առաջին հայացքից, երկրորդ մասը նկատելի չէ առաջին հայացքից: Եվ կարծում եմ, որ մենք հենց այս առումով պետք է շատ հետևողական գտնվենք, որպեսզի ընթացիկ պայքարը կոռուպցիայի դեմ ուժեղացնենք՝ որոշակի ինստիտուցիոնալ նոր կառուցակարգերի հիմնմամբ, նոր կառուցակարգերի ստեղծմամբ: Հիմա՝ այս ընթացքում, մենք բավական ծավալուն և հիմա արդեն կարող ենք ասել, որ որակյալ աշխատանք ենք արել՝ կողմնորոշվելու մեր հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությունների մեջ և արձանագրելու, թե մենք ինչպես ենք պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարի հետագա ինստիտուցիոնալ զարգացումը:
Քաղաքական արձանագրումը, որ կարևոր է այսօր, այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեր կառավարությունը լինելու է հետևողական, և այստեղ կոմպրոմիսները բացառվում են: Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ձևավորվի և ձևակերպվի կոռուպցիայի նկատմամբ հանրային զրո հանդուրժողականություն, և սա այն քաղաքական նպատակն է, որ մենք պատրաստվում ենք իրագործել: Իհարկե, այսօր մենք քննարկելու ենք հակակոռուպցիոն ռազմավարությունը, միջոցառումների ծրագիրը։ Սա դեռ կառավարության որոշում պետք է դառնա, պետք է շրջանառվի, բայց կարծում ենք, որ արդեն նույնիսկ առկա է մի փաստաթուղթ, որի հենքի վրա կարող ենք շատ լուրջ և կոնկրետ աշխատանք իրականացնել»։
![]()