![]()
Այսօր կաթոլիկ միանձնուհի, «Գթասրտության օրդեն»-ի հիմնադիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մայր Թերեզայի ծննդյան օրն է:
Նա ծառայում էր հիվանդներին և աղքատներին։ Կաթոլիկ եկեղեցին նրան դասել է երանելիների շարքին։ 1931 թվականին իր կամքով կուսակրոնության ուխտ ընդունելով` 21 տարեկանում վերցրել է Թերեզա անունը` ի պատիվ 1927 թվականին սրբերի դասին դասված ֆրանսուհի միանձնուհի Թերեզայի (Թերեզա Լիզյեցի), որը հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ:
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ Մայր Թերեզան ժամանել է Հայաստան, հանդիպել է, նաև, Վազգեն Առաջինի հետ: Հանդիպման ընթացքում Մայր Թերեզան կաթողիկոսին պատմել է իր հայկական ծագման մասին:
Մայր Թերեզան աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկն էր, իսկ նրա կյանքն ու գործունեությունը ամենանշանակալի իրադարձություններից էին 20-րդ դարում:
![]()
Մայր Թերեզայի սիրո պատգամները
- Երբ դուք ձեզ դժբախտ ու լքված եք զգում, փորձեք ինչ-որ բան անել սիրով: Թեկուզ մեկ բառ արտասանեք սիրով, պարզապես սիրով մտածեք ինչ-որ մեկի մասին:
- Բացեք ձեր սիրտը և փորձեք նրանում սեր արթնացնել: Դրա համար հարկավոր է դադարել ուրիշների և ձեր մեջ միայն թերություններ ու սխալներ տեսնել:
- Ի՞նչ կարող եք անել աշխարհն ավելի լավը դարձնելու համար։ Գնացեք տուն և սիրեք ձեր սեփական ընտանիքը:
- Հեշտ է սիրել նրանց, ովքեր քեզանից հեռու են։ Ավելի դժվար է սիրել նրանց, ովքեր քո կողքին են:
- Երբ դուք քննադատում եք մարդկանց, ձեզ ժամանակ չի մնում նրանց սիրելու համար։
- Ընտանիք կազմելու համար պետք է միայն սիրել։ Իսկ այն պահպանելու համար հարկավոր է սովորել ներել ու հանդուրժել։
- Թող նա, ով մտնում է ձեր կյանք, ձեզնից հեռանա՝ դառնալով ավելի լավն ու ավելի երջանիկ։
- Պարտադիր չէ մեծ գործեր անել։ Կարելի է անել փոքր, բայց մեծ սիրով լցված գործեր։
- Հիասթափվելով մի մարդուց՝ մի պատժեք մեկ ուրիշին դրա համար: Մի կորցրեք վստահելու, հավատալու և սիրելու կարողությունը։
- Այն ամենը, ինչ անում եք, արեք սիրով կամ ընդհանրապես մի արեք։
- Ժպտացեք միմյանց, ժպտացեք ձեր կնոջը, ձեր ամուսնուն, ձեր երեխաներին: Կարևոր չէ, թե ում եք դուք ժպտում, կարևորն այն է, որ դա օգնում է ձեզ սիրով լցվել մարդկանց հանդեպ:
- Որքան շատ սեր, իմաստություն, բարություն կա ձեր մեջ, այնքան ավելի շատ եք դուք դրանք նկատում շրջապատող աշխարհում։
![]()