![]()
Նիկոլ Փաշինյանը շրջել է Ջերմուկում, հանդիպել քաղաքի բնակչության հետ, այցելել Ջերմուկի առողջարաններ, ջերմուկցիների հետ խոսել Ամուլսարի իրավիճակի շուրջ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Ամուլսարի հանքի ծրագրի միջազգային փորձաքննության եզրակացության արդյունքներին, Ջերմուկի բնակիչների հետ քննարկել իրավիճակի լուծման տարբերակներին վերաբերող հարցեր:
Վարչապետը նաև հանդիպել է Ջերմուկի հրապարակում հավաքված քաղաքացիներին և հանդես եկել ելույթով: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ վարչապետ ընտրվելու օրվանից Ամուլսարի հարցն այն միակ հարցն է եղել, որի հետ կապված իրեն ուղղված բոլոր նամակներն անձամբ կարդացել է: «Անցած տարվա հունիս-հուլիս ամիսներին նամակների մեծ տրցակ է ձևավորվել, և ես անձամբ կարդացել եմ: Որ ասում եք՝ ժողովրդի ձայնը լսեք, ժողովրդի ձայնը միշտ էլ լսվել է, և հույս ունեմ՝ գիտեք, որ այսօրվա Հայաստանում ժողովրդի ձայնը չի կարող չլսվել:
Ինչպես անցած տարի ես հայտարարել եմ, այս հարցի լուծումը կարող է լինել` հենված Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա: Հիմա կա պնդում, որ օդը կեղտոտվելու է, ջուրը կեղտոտվելու է, հողը կեղտոտվելու է, աղմուկ է լինելու, փոշի է լինելու, ստորերկրյա ջուրը կեղտոտվելու է: Եթե պարզվի, որ այդպես է, հանքը չի կարող շահագործվել: Բայց եթե պարզվի, որ այդպես չէ, դա ուրիշ իրավիճակ է», — ասել է կառավարության ղեկավարը:
«Այս ողջ պատմության մեջ միակ դիսկոմֆորտն այն է, որ մենք իքս պահից արդեն չենք լսում իրար, թե ինչ ենք ասում: Դա այսօրվա ամենամեծ պրոբլեմն է: Ես ասում եմ՝ ձեր գրած բոլոր նամակները, ձեր հղած բոլոր ուղերձներն անձամբ կարդացել եմ՝ հարյուրավոր էջերով, անցած տարվա հունիս-հուլիսին: Եվ այս քրեական գործը, որ հարուցվել է, հարուցվել է իմ նախաձեռնությամբ, միջազգային փորձաքննությունը, որ եղել է, եղել է իմ նախաձեռնությամբ, և դա ձեր առաջ իմ ստանձնած պարտավորությունն է եղել»,— ընդգծել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամուլսարի հանքի ծրագրի միջազգային փորձաքննության արդյունքներին. ««Էլարդ» ընկերության եզրակացությունը կա, և եզրակացության հետ կապված տարբեր մեկնաբանություններ կան: Պաշտոնական եզրակացությունն այն է, որ Ջերմուկի հանքային ջրերի հետ կապված, Սևանա լճի հետ կապված վտանգ չկա, կարդացել եք, գիտեք: Խոսքը «Էլարդ»-ի եզրակացության մեկնաբանության մասին է. կա մեկնաբանության խնդիր, և քանի որ դրա շուրջ բանավեճ է առաջացել, որոշել եմ, որ հինգշաբթի կամ ուրբաթ «Էլարդ»-ի փորձագիտական խմբի հետ մենք ունենալու ենք սկայպ-կոնֆերանս, որի ժամանակ ասելու ենք, որ Հայաստանում մեծ բանավեճ է այն հարցի շուրջ, թե դուք ինչ եք գրել, և որն է ձեր եզրակացությունը, դուք ինքներդ ձեր եզրակացությունն ասեք: Այդ ամբողջ խոսակցությունը կտեսագրվի և կհրապարակվի»: Կառավարության ղեկավարն առաջարկել է Ջերմուկի բնակչությանը ձևակերպել եզրակացության հետ կապված հարցերը, որոնք կբարձրացվեն խորհրդակցության ժամանակ: «Չնայած, ըստ էության, հարցերը հրապարակային կան, և մենք էլ կարող ենք հավաքել այդ հարցերը. եթե դուք օգոստոսի 19-ի առավոտյան խորհրդակցության սղագրությունը կարդացել եք, տեսել եք՝ հարցերը, որ դուք տալիս էիք մեր հանդիպման ժամանակ, ես բարձրացրել եմ այդ խորհրդակցության ժամանակ: Հանդիպումը կլինի, կտեսագրենք, կհրապարակենք, «Էլարդ»-ը թող մեկնաբանի իր գրածը, իր եզրակացությունները, դա կհրապարակենք և կխոսենք», — ասել է վարչապետը և հավելել, որ խորհրդակցությունն անձամբ է անցկացնելու՝ այնպես, որ հստակ պատասխաններ հնչեն և տարընթերցումների տեղիք չլինի:
Իմ ելույթը Ջերմուկում:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, August 23, 2019
![]()