Քառօրյա պատերազմից առաջ հենակետերից հավաքել են լրացուցիչ զենք-զինամթերքը

Ազատամարտիկ Արայիկ Հովհաննիսյանը («Դուշման Արո») տեղեկություններ ունի, որ ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ հենակետերից նախապես լրացուցիչ փամփուշտներն ու զենքերը հավաքել են: «Որովհետեւ, ըստ 2011 թվականի Կազանի պայմանագրի՝ այդ տարածքները հանձնելու պայմանավորվածություն է եղել:

Իրենք քաջատեղյակ են եղել, որ հարձակում է տեղի ունենալու, իսկ եթե պնդում են, որ չեն իմացել, այլ թշնամին նախահարձակ է եղել, ապա ինչու երբ տեսանյութը դիտում ենք (նկատի ունի Անդրիաս Ղուկասյանի տարածած տեսանյութը.խմբ) ապրիլի մեկի գիշերվա հարձակման տեսագրությունը, պարզ ձայներն էլ են լսվում, թե մեր տղաներն ասում են՝ ապեր կապնվի, ասա չենք կարող պահել, շատ են գալիս, տաբիկով կապ են տալիս, բայց ոչ մեկ չի պատասխանում»,- Aravot.am-ին ասաց ազատամարտիկը:

Ըստ նրա, հանձնած տարածքները ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող են. «Հայաստանի նախագահը չգիտեմ՝ ինչի համար ու որտեղից էր այդ բառերն անգիր արած Վիեննայի հանդիպումից հետո ինքնաթիռի մեջ լրագրողներին ասում, թե ռազմավարական հիմք չունեցող տարածքներ են, իսկ եթե ռազմավարական նշանակություն չունեցող տարածքներ են, ինչու այս պահին Ջեբրայիլում ու Թալիշում մարդիկ չեն անցնում իրենց առօրյային, որն ունեցել են մինչեւ ապրիլյան դեպքերը: Ինչու թույլ չեն տալիս, որ ռմբակոծությունից հետո մարդիկ գնան ու ապրեն այնտեղ»:

Նա նաեւ մեջբերեց «Անի» կենտրոնի հրապարակած Կազանի փաստաթուղթը ու, ըստ հերթականության, նշեց, թե որ տարածքները որից հետո է նախատեսված հանձնել ադրբեջանցիներին. «Առաջին փուլով վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի շրջանները: Հետագայում վերադարձվելու են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները»:

Նյութի աղբյուր՝ Առավոտ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ