![]()
Արդեն երկու ամսից ավելի է, ինչ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ, սակայն մինչ այս պահը նոր քննություն չի իրականացվել: Վերաքննիչի որոշումից մոտ մեկ ամիս անց կասեցվեց գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները եւ դրանից գործը մակագարվել է դատավոր Աննա Դանիբեկյանին:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան եւ մակագրվել դատավոր Սամվել Օհանյանին: Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ Վճռաբեկ դատարանը երեւի պետք է գնահատեր սույն գործի հնչեղությունը եւ օրենքով սահմանված ժամկետներում լուծեր վարույթ ընդունել-չընդունելու հարցը, որպեսզի հասկանան՝ ինչ է կատարվելու հետո։ Ի դեպ՝ Մարտի 1-ի մայր գործի նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է, որով քննվում է նաեւ ոստիկանության գործողությունները:
Բանն այն է, որ ըստ գործի նյութերի՝ հետին ամսաթվով կեղծ պաշտոնական փաստաթղթեր են ստորագրվել ներկայումս հանգուցյալ պաշտոնյայի հանձնարարությամբ: Նյութերում մասնավորապես նշված է. «Մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները քողարկելու, այդ իրադարձություններին զինված ուժերի մասնակցության հանգամանքները թաքցնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնականի պաշտոնին նշանակված Գեւորգ Կոստանյանի եւ ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին նշանակված, ներկայումս՝ հանգուցյալ Գեւորգ Մհերյանի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնական անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, վերջինիս տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաեւ՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը եւ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, 2008թ. մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը հետին ամսաթվով ստորագրել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին եւ Փորձագետների փաստահավաք խմբին, վերջիններիս հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ»:
Թեմայի վերաբերյալ մեր հարցերին է պատասխանել Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
— Տիկին Սաֆարյան, ծանոթացել եք գործի նյութերին, այնտեղ, ըստ նախաքննական մարմնի, հետին ամսաթվով կեղծ պաշտոնական փաստաթղթեր են ստորագրվել ներկայումս հանգուցյալ պաշտոնյայի հանձնարարությամբ։
Կմանրամասնե՞ք, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը: — Քրեական գործում կա, որ մի շարք պաշտոնյաներ՝ Ալիկ Սարգսյանը, Գեւորգ Մհերյանը եւ այլք, զբաղված են եղել հետին թվով նոր զեկուցագրեր պատրաստելով, զբաղված են եղել ապացույցներ խառնելով, դրանք վերաբերում են հիմնականում զեկուցագրերին։ Դրանց մասին առավել մանրամասներ կբարձրաձայնվեն դատական նիստերին։
Շատ շատերին են հարցաքննել, ոստիկանության աշխատակիցներին հարցեր են ուղղել, թե ինչով եք բացատրում, որ ձեր զեկուցագրերի հիման վրա փետրվարի 29-ի իբրեւ թե միջոցառումների ծրագիր է մշակվել, իսկ իրենք էլ, քանի որ նման զեկուցագրեր չեն եղել, մտքում չի տպավորվել, քննիչի հարցադրումներից հետո, փաստաթղթերը ներկայացնելուց հետո հիշել են, որ նման բաներ են արվել եւ արվել են պաշտոնական մակարդակով։
![]()