![]()
«ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:
Կոնվենցիայի վերը նշված հոդվածը՝ որպես իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում ՝ հանձնման միջնորդությունը քննարկող) Պայմանավորվող Կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը:
Մինչդեռ, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության մերժման կոնկրետ հիմքի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի ներկայացվել: Վերոնշյալով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ»,- գրել է դատախազության մամուլի պատասխանատուն:
Կարծում ենք՝ երկրորդական-երրորդական է այն հիմնավորումը, ինչի համար Մոսկվան հրաժարվել է արտահանձնել Միհրան Պողոսյանին։ Փաստն այն է, որ Ռուսաստանի իշխանությունները կայացրել են քաղաքական որոշում՝ քրեաօլիգարխիկ համակարգի ամենևին էլ ոչ առանցքային գործչին վեր դասելով ռազմավարական գործընկերությունից, Հայաստանի լեգիտիմ իշխանությունից։
Եթե Մարտի 1-ի գործով անցնող առանցքային դերակատարները որոշակի կարևորություն ունեն Մոսկվայի համար ու ինչ-որ կերպ բացատրելի է նրանց ատամներով պահելու Մոսկվայի գայթակղությունը, ապա Միհրան Պողոսյանի պարագայում նման անհրաժեշտություն չկար, ոչ էլ՝ մականունավոր գենարալն ինքնին արժեքավոր ֆիգուր է՝ ինֆորմացիային տիրապետելու կամ քաղաքական նպատակներին ծառայելու իմաստով։
Մոսկվան ցուցադրական քաղաքական դեմարշ է արել, որի իմաստն այն է, որ Պուտինի իշխանությունը հետխորհրդային տարածքի ավտորիտար, կոռումպացված ռեժիմների ներկայացուցիչների հիմնական հովանավորն է։ Մյուս կողմից՝ սա Պուտինի իշխանության վերաբերմունքն է Հայաստանի գործող իշխանության, հայկական հեղափոխության հանդեպ։
Մոսկվան փաստացի հասկացնում է, որ բարեկամական վերաբերմունք չունի մեր երկրի, նրա իշխանությունների հանդեպ։ Եվ վերջապես՝ սա Մոսկվայի անթաքույց պատասխանն է Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը։ Ուշագրավ է, որ Ռուսաստանի իշխանությունները նման ոչ բարեկամական քայլի դիմում են ԵՏՄ գագաթաժողովից ընդամենը երկու ամիս առաջ, երբ սպասվում է նաև Վլադիմիր Պուտինի այցը Երևան։ Կարելի է ենթադրել, որ Պուտինը հիմքեր է ստեղծում՝ Երևան չայցելելու համար, կամ էլ՝ Մոսկվան հասկացնում է, որ հայկական կողմն ակնկալիքներ չունենա Ռուսաստանի նախագահի այցից։
![]()