![]()
Ինչու Քեթրինի Միհրանը հայտնվեց «Պոբեդայի» օդանավում․ Ռուսաստանի էժանագին սպառնալիքը
Նախօրեին համացանցում տարածվեց տեսանյութ, որում հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը իջնում է օդանավից: Տեսանյութը ուշադրությամբ դիտելու դեպքում կտեսնենք, որ նկարահանող անձը բացի Պողոսյանին ֆիքսելուց՝ տեսախցիկը աջ կողմ է տանում ընդգծելու համար, թես որ ավիաընկերության օդանավն է տեղափոխել «գլխավոր հերոսին»:
Միհրան Պողոսյանը իջնում է «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռից: Այն նույն «Պոբեդայի», որն ընդամենը մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր, որ մտադիր է դադարեցնել Մոսկվայից Գյումրի ավիափոխադրումները: Մասնավորապես, ռուսական կողմը նշել էր, որ պատճառը վառելիքի պարբերական թերլիցքավորումն է: ՏԱՍՍ գործակալության աղբյուրը հայտնել էր, որ «Պոբեդան» բազմիցս դիմել է Գյումրիի օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով պարզել, թե ինչու է վառելիք մատակարարող ընկերությունը թերանում իր աշխատանքներում, սակայն ապարդյուն:
Տեղի ունեցածից կարճ ժամանակ անց, պետության դեմ հանցագործության մեջ մեղադրվող անձը հայտնվում է տվյալ ավիաընկրության օդանավում: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում կատարվածը չի կարելի համարել զուգադիպություն: Նախ Պողոսյանի շնորհիվ ռուսական կողմը ուղղակի կերպով միլիոնավոր մարդկանց ստիպեց հիշել և խոսել «Պոբեդայի» մասին:
Կատարվածի մյուս կողմը բացառապես քաղաքական է, որը բացի սադրանքից իր մեջ պարունակում է նաև քողարկված սպառնալիք: Այսինքն, օգտագործելով Միհրան Պողոսյանին՝ ռուսները փորձում են հասկացնել տալ, որ իրենց հետ այսպես ասած խաղեր տալ չի կարելի և որ իրենք պատրաստ են ցանկացած ստորության մեր պետությանն ու ինքնիշխանությանը հարված հասցնելու համար:
Բնական է, որ սպառնալիքի այս մեթոդը ավելի քան էժանագին է, բայց․․․: Ռուսաստանն այսօր դարձել է Հայաստանում ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձանց անվտանգության և անձեռնմխելիության գլխավոր երաշխավորը: Դա արդեն իսկ փաստ է:
Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ Պողոսյանին Ռուսաստանի Դաշնությունը մի քանի ամսով ժամանակավոր կացության իրավունք է տվել:
Պողոսյանի հետ տեղի ունեցածը պետք է առիթ հանդիսանա ՀՀ իշխանությունների համար լուրջ հետևություններ անելու համար:
![]()