![]()
ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեջբերեց մեր լրատվամիջոցին տված Վահան Բադասյանի հարցազրույցը և նրա դիտարկումը, թե այն ժամանակվա պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը ևս տեղյակ են եղել, որ Ղարաբաղից Երևան զորք է բերել գեներալ Օգանովսկին:
«Ես շատ մտերիմ հարաբերություններ եմ ունեցել Մյասնիկ Մալխասյանի հետ, քանզի նաև նույն ազգանունն ենք կրում։ Նա ինձ ժամանակին ասել է, որ այդ հայտնի իրադարձությունների ժամանակ մի քանի անգամ տեսել է Օգանովսկուն, այդ զինված խումբը եղել է Երևանում ու մնացել Քոչարյանը տանը։ Իհարկե, շատ վտանգավոր է, որ այդ միտքը ժողովրդի մեջ ամրանում է, բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասաց նա։
Շարունակելով՝ Մալխասյանը նշեց. «Մենք բնավ չենք ուզեցել հայաստանցի-ղարաբաղցի սեպ խրել, անջրպետ մտցնել. ամենամեծ վտանգը տեղային հայրենասիրությունն է։ Բայց ո՞վ առաջ բերեց այդ տեղային հայրենասիրությունը, դա չկար։ Հիշում եմ, երբ 90-ականներին գնում էինք Ղարաբաղ, ցանկացած տուն մտնում էինք տանտիրոջ իրավունքով ու ամենամոտ հարազատի ընդունելությունն էինք ստանում, այսինքն՝ ղարաբաղցիների, Արցախի հերոսական ժողովրդի հետ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել։
Այդ անջրպետը մտցրել են ղարաբաղյան ծագումով, Հայաստանի նախկին ինքնահռչակ նախագահները՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Հայ ժողովրդին միշտ ահաբեկել են այդ բանդիտներով, քրեաօլիգարխիայի սպասարկու այդ բանդաներով, որոնց պարագլուխներից մեկը հենց այդ Օգանովսկին է եղել։ Նրանք ոչ միայն Հայաստանի, այլև Ղարաբաղի տարածքում են հանցագործություններ արել ու ահաբեկել նաև այնտեղի ժողովրդին։ Այս ձևով է առաջ եկել ղարաբաղյան կլանը, որը ոչ մի կապ չունի ղարաբաղյան քաջարի, հերոսական ժողովրդի հետ»։
Մեր զրուցակիցը նշեց. «Խորքը չհասկացող մարդիկ հիմա ասում են՝ ղարաբաղցիները եկան ու Հայասանում մարդ սպանեցին, բայց նրանք Ղարաբաղի հերոսական մարդիկ չեն, Ղարաբաղի թափթփուկներն են, հերոսի կեղծ կոչումներ են ստացել։ Բան չունեմ ասելու՝ կռվել են, բայց մենք ինչքան օրինակներ տեսանք, որ պատերազմում հերոսաբար կռվածները խաղաղության դաշտում դարձել են վտանգավոր աղբ, մեր ժողովրդի նկատմամբ թշնամի, սեփական ժողովրդին հոշոտող գազաններ։ Սրանք հանցագործ են և օրենքի առաջ խստագույնս պատասխան պետք է տան։ Ես ոչ միայն Մյասնիկ Մալխասյանից, շատ շատերից եմ լսել, որ Օգանովսկին իր բանդայով եղել է Երևանում ու զբաղվել ահաբեկչությամբ։
Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը վախենում են Հայաստանի հատուկ ջոկատայիններին հանել ժողովրդի դեմ, նրանք ժողովրդի դեմ քայլ չէին կատարի, դրա համար էլ բերեցին Ղարաբաղից։ Սրանք ոչ միայն Մարտի 1-ի, այլև շատ գործերով են ծառայել նախկին ռեժիմին ու պետք է ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության»։
Նյութի աղբյուր՝ 1in.am
![]()