![]()
Երեկ Մարալիկում բամբակամանվածքային ֆաբրիկայի բացման արարողությանը մասնակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերել է Գյումրիում, իսկ այսօր առավոտյան տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, ճանաչողական շրջայց է կատարել քաղաքի պատմական միջուկում, որին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հետևելու հնարավորություն են ունեցել հազարավոր հետևորդներ:
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Վարպետաց փողոցում գտնվող Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի և Մհեր Մկրտչյանի թանգարաններ, ծանոթացել հայտնի գյումրեցիների անձնական իրերին, հիացել հին Գյումրվա կենցաղի մաս կազմող կահկարասիով: Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում Աննա Հակոբյանը նաև լուսանկարվել է վարպետի մոր՝ Սանամի թանթանայով (հին Գյումրվա կանանց տարազի մաս կազմող գլխանոց):
Շրջելով քաղաքի պատմական միջուկում` vարչապետը անընդհատ իր հիացմունքն է արտահայտել Գյումրii հին ու սալապատ փողոցների, գեղեցիկ շինությունների մասին ու բոլորին կոչ արել գալ ու վայելել հին քաղաքակրթության օրրաններից մեկի միջավայրը.
«Այն, ինչ մենք այսօր Գյումրիում տեսնում ենք, աննկարագրելի է, տեսախցիկի միջոցով զգացողություններս ամբողջությամբ փոխանցել հնարավոր չէ: Գյումրին բացահայտում է ինձ համար, այստեղ այնքան բան կա տեսնելու, որի մասին մենք մինչ այս ոչինչ չգիտեինք: Եկեք Գյումրի, աննկարագրելի բաներ կարող եք այստեղ տեսնել»:
![]()
Իսկ Աննա Հակոբյանն էլ ուղիղ եթերում ասել է, որ ոտքով քայլելուց չի հոգնել, պարզապես տեսածից կորցրել է խոսելու ունակությունը, հիացած է ու շփոթված.
«Այնքան բան կա տեսնելու, ամեն ինչ այստեղ հետաքրքիր է, այն հնությունը, որը Գյումրիում պահպանված է, հիասքանչ է, իմ տատիկն էլ է Գյումրիից, և ես այստեղ ինձ շատ հարազատ բաներ եմ տեսնում ու զգում»:
Նիկոլ Փաշինյանը զբոսանքի ընթացքում այցելել է նաև պատմական միջուկում տեղակայված սրճարաններ, ռեստորաններ, հուշանվերների խանութներ: Քաղաքի հին ռեստորաններից մեկում վարչապետը տեսախցիկով շրջել է նաև խոհանոցում, լուսանկարել Գյումրվա ավանդական ճաշատեսակ քյալլան, ապա շրջել է մոտակայքում գտնվող կերամիկայի արվեստանոցում ու հիացել վերականգնված հայկական հախճապակիների եզակի նմուշներով:
Գյումրիի ռոք դպրոցում:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, August 11, 2019
![]()