![]()
Դավիթ Ջալալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
BBC-ի «ռումբը»․ Բրիտանացիները շանտաժի են ենթարկում Նիկոլ Փաշինյանին
Մարտի 1-ի գործի վերաբերյալ BBC հեռուստաընկերության հայտնի հրապարակումը որոշակի իրարանցում է առաջացրել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև հասարակությունը սևեռված են, մասնավորապես, հրապարակման այն հատվածի վրա, որտեղ նշվում է, որ արյունալի իրադարձությունների ժամանակ ցուցարարների վրա կրակելու գործողությունը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին:
Շատ է խոսվում նաև այդ ջոկատի նախագահի նստավայրի նկուղում տեղակայված լինելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի զորքին այցելելու մասին: Այն, որ տեղի ունեցածը ազդակ է ՀՀ իշխանություններին Մարտի 1-ի գործում ավելի ազդեցիկ և արագ քայլեր կատարելու համար՝ կարծում եմ պարզ է:
Մեր իշխանություններին ուղղված տվյալ ազդակից զատ, հրապարակման մեջ առկա են նաև շեշտադրումներ, որոնք ավելի քան վտանգավոր են թվում մեզ և մասնավորապես մեր կառավարության համար:
Հատկապես նույն հոդվածում նշվում է, որ Մարտի 1-ի գործը ունի միանգամայն ոչ թափանցիկ ընթացք և որ ՀՀ իշխանությունները ճնշում են գործադրում դատական համակարգի վրա: Նշվում է նաև, որ դրա գլխավոր պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նույն գործով ազատազրկման դատապարտված լինելն է: Այսինքն BBC-ն ուղղակիորեն ակնարկում է, որ Փաշինյանը փորձում է վրեժխնդիր լինել նախկին իշխանություններից: Այս դիտարկումը կարծես թե վրիպել է մեր հայրենակիցների մեծ մասի ուշադրությունից:
Եթե հրապարակման վրա ավելի խորը հայացք նետենք՝ կստացվի, որ ազդակ ուղղելուց բացի՝ բրիտանացիները փորձում են շանտաժի ենթարկել ՀՀ իշխանություններին և մասնավորապես Նիկոլ Փաշինյանին: Ավելի ստույգ, հոդվածում կա նաև ակնարկ, ըստ որի որոշակի քայլեր չկատարելու դեպքում Մարտի 1-ի գործը կարող է ի չիք դառնալ, ինչի հիմքում գլխավոր մեղադրյալ Քոչարյանին քաղաքական կալանավորի կարգավիճակ տալն է:
Ու եթե Եվրոպան Մարտի 1-ի գործի քննությանը քաղաքական հետապնդման երանգ տա, դա բավական ծանր հարված կլինի Հայաստանի ժողովրդի կողմից ձևավորված իշխանությանը:
Բրիտանացիները թիրախավորելով Մարտի 1-ի ոճրագործությունը, այն փորձում են օգտագործել աշխարհաքաղաքական ավելի գլոբալ խնդիրներ լուծելու նպատակով:
Այն, որ Օգանովսկին ակտիվ մասնակցություն է ունեցել Մարտի 1-ի սպանդին շատերին էր հայտնի: Մարտի 1-ի գործը և դրա լիարժեք բացահայտումը բացառապես մեր և մեր իշխանությունների խնդիրն է: Ռոբերտ Քոչարյանի ԱԱԾ մեկուսարանում լինելը արդեն իսկ խոսում է ՀՀ իշխանությունների՝ մեզ համար ցավոտ գործի բացահայտման վճռականության մասին: Ստեղծված իրավիճակում արտաքին ուժերի մեր ներքին գործերին խառնվելն ուղղակի անթույլատրելի է:
Հասարակության գլխավոր խնդիրը ոչ թե արտաքին ուժերի մեսիջներին բուռն արձագանք տալն է, այլ հնարավորինս ամուր պահելը պետության և իր իսկ կողմից ձևավորված իշխանության հիմքերը:
Այս հրապարակումն ուղղակի ական է, որի պայթյունը կարող ենք կանխել միայն ու միայն մեր միասնականությամբ:
BBC-ի «ռումբը»․ Բրիտանացիները շանտաժի են ենթարկում Նիկոլ ՓաշինյանինՄարտի 1-ի գործի վերաբերյալ BBC հեռուստաընկերության…
Posted by David Jalalyan / Դավիթ Ջալալյան on Friday, August 9, 2019
![]()