Դատախազը կալանավորվեց. ԱԱԾ- գլխավոր դատախազությունում խուզարկություն է իրականացնում

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազի աշխատասենյակում խուզարկություն է իրականացրել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` խուզարկությանը մասնակցել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը:

Օրերս ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը ծանրացուցիչ հանգամանքներում ավազակություն կատարելու համար 2013 թվականին 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Գ. Գ.-ին, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի հետ կապված, դատապարտյալի մտերիմ անձից 2019 թվականի հունիս ամսին պահանջել, ապա մաս-մաս ստացել է խոշոր չափերով կաշառք:

Գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով` ավագ դատախազ Լ. Կ. -ի պաշտոնավարումը կասեցվել է: Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցընտրելու միջնորդություն է ներկայացվել Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Նախաքննությունը շարունակվում է:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ ավագ դատախազը ցանկացել էր ազատել դատապարտյալ Գուրգեն Գալստյանին, որը 2009թ.-ի նոյեմբերի 3-ին` ժամը 02:00-ի սահմաններում, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել Մանուկ Մանուկյանի, Արսեն Գրիգորյանի, Ռոմեն Բարսեղյանի եւ Անուշավան Սահակյանի հետ, եւ իր «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամաս, կոտրել են Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մ. Մաշտոց փողոցի 32 հասցեում գտնվող տան դուռը, ապօրինի մուտք են գործել բնակարան եւ տանը քնած ամուսիններ Փորսոր Արջամի Նավոյանի եւ Մոսկով Սաբրիի Ռավոյանի ձեռքերնուոտքերը կապելով, վերջիններիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` հարվածներ են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:

Այս ամենի հետեւանքով հափշտակել են խոշոր չափի` 908 հազար դրամին համարժեք 1600 եվրո, 10000 ՀՀ դրամ, մեկ հատ 25000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս ու դիմել փախուստի:

աղբյուրը՝  ArmLur

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ