83-ամյա Սոս Սարգսյանը Աստծուց ընդամենը մի խնդրանք ուներ․․․․

Սոս Սարգսյանն  83-ամյակը նշել է «Նաիրի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Շնորհավորանքների, զանգերի ու հյուրերի պակաս մեծ վարպետն չուներ:

Panorama.am-ի աշխատակիցները ևս այցելել էին  մեծ դերասանին, շնորհավորել նրան, հարցրել կյանքից քաղած դասերի մասին, ականջալուր եղել նրա մտորումներին.

-Ո՞ր զգացողությունները կուզեիք վերապրել

— Առաջին քայլերս թատրոնում, բեմի վրա: Դրանք ամենաերջանիկ տարիներն էին, ամենամեծ հույսերն էին, այ դրանք կուզեի վերապրել: Խոստովանում է, որ այսօր, երբ տարիների հեռվից ետ է նայում իր ապրած կյանքին, տեսնում է բաներ, որոնք գուցե այնքան էլ ճիշտ չի արել` «Դե վերջին հաշվով մարդն ինքն իր քննադատն է, չգիտեմ ուրիշների մոտ ինչպես, բայց շատ հաճախ հիշում եմ իմ թերություններն ու սխալները, և սկսում եմ դրա համար ինքն ինձ պախարակել: Չարած բաների համար կամ սխալ արած բաների համար ավելի շատ եմ զղջում»:

-Կյանքը Ձեզ ի՞նչ դաս է տվել:

-Պետք է միշտ լսել հոգու կանչը, ինչ-որ թելադրում է, պետք է շատ ուշադիր լինել, ինչ է հուշում: -Արտիստի կյանքը երբեք իրենը չի լինում: Նրա կյանքը ուրիշինն է, հասարակությանը, բեմինը… Այս դիտարկմանը մեծ դերասանն արձագանքում է` «Այսօր ինքս ինձ հետ մի պահ մենակ մնալով հասկացել եմ, որ արտիստն այդպես էլ չի հասցնում ապրել իր համար: Չեմ կարող հիմա ասել` ի՞նչ էր դա, ուրիշի ապրած կյանքեր էին, ուրիշի գործունեություն, ուրիշ մարդիկ, բայց քո կողքով անցած, քո սրտի միջով անցած, քո էության միջով անցած, կամ էլ նաև քոնն են դառնում նրանք ինչ-որ տեղ, քո կյանքը»:

-Ինչ սպասելիքներ ունեք:

-Էս տարիքում էլ ինչ կարող եմ սպասել: Հոգիս չառած, միտքս չառնես, Աստված: Միայն դրա մասին եմ մտածում, ուղեղս տեղը մնա, բեռ չդառնամ որևէ մեկի ուսին: Դեռ գործեր ունեմ, շա՜տ գործեր ունեմ անելու: Միշտ ինձ մեղավոր եմ զգացել, երբ կարողացել եմ, բայց չեմ աշխատել, պարտականություններս չեմ կատարել, եթե ապրում եմ, շնչում եմ, ուրեմն պետք է նաև կարողանամ»:

Սոս Արտաշեսի Սարգսյան (1929 թ. Հոկտեմբերի 24, Ստեփանավան), հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ: Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում: 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան:

Տեսանյութը ստորև՝

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ