![]()
Թուրքիայի քաղաքացի Ալի Յալչինկայան երեկ Դոնի Ռոստովի հնագույն հայկական եկեղեցում ամուսնացել է հայուհի Իզաբելայի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող, «Անտիտոպոր ինֆո» հարթակի հիմնադիր Վադիմ Հարությունովը։
«Այսօր մեզ մոտ ուրախալի իրադարձություն է։ Սանիկս՝ Ալի Յալչինկայան, ամուսնացավ հայուհու հետ։ Մի քանի րոպե առաջ Դոնի Ռոստովի հնագույն Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ Ալիի ու Իզաբելայի պսակադրությունը։ Երեկոյան հավաքվում ենք հարսանիքը նշելու», — նորությունը հայտնել է Հարությունովը։
Նա նաև հիշեցրել է Ալիի պատմությունը, որի տատը 1915 թվականից Ցեղասպանությունից փրկված հայուհի է եղել։
«Մի քանի տարի առաջ ինձ հետ կապ հաստատեց մի երիտասարդ Թուրքիայից։ Նա ասաց, որ իր նախնիները թրքացած հայերն են եղել։ Դեռ ողջ է Անիկ տատը, որը տարիներ շարունակ թաքցրել է իր ծագումը։ Բաց նա չի թաքցրել իր անցյալը թոռներից ու ծոռներից։ Անիկը երազում էր, որ թոռները նորից հայ դառնան։ Նա ասել է, որ Թուրքիայում դեռ շատ են ծպտյալ հայերը», — գրել է լրագրողը։
Հարությունովը պատմել է, որ ինքը հայկական եկեղեցում կնքել է Ալիին․«Ալիին ինձ մոտ հրավիրեցի, եկավ։ Ռուսաստանում բուհ ընդունվեց։ Շուտով մկրտեցինք նրան Հայ առաքելական եկեղեցում, այնտեղ նա Գասպար անունը ստացավ»։
Մի երկու տարի անց Ալին` նույն ինքը Գասպարը, ամուսնացավ հայուհու հետ՝ հետևելով տատի պատգամին։
![]()
![]()
![]()
![]()