Վարդավառի օրը Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհով երթևեկել է շուրջ 20.000 տրանսպորտային միջոց, որևէ լուրջ միջադեպ կամ պատահար տեղի չի ունեցել

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Վարդավառի օրը՝ հուլիսի 28-ին, հովեկների աննախադեպ մեծ հոսք է եղել դեպի Սևան: Օրվա առաջին կեսին Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհով մեկ րոպեում միջինն անցել է 48 մեքենա: Այդ օրը, ըստ նախնական հաշվարկների, նշված ճանապարհով երթևեկել է շուրջ 20 հազար տրանսպորտային միջոց:

Քաղաքացիների ու ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունն անցել էր շուրջօրյա ուժեղացված ծառայության, որին ներգրավված էին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, տարածքային բաժինների, ճանապարհային ոստիկանության, ոստիկանության զորքերի, պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները:

Ուժեղացված ծառայությանն ուղղաթիռից հետևել է ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:

Մինչ ծառայության անցնելը նա հանդիպել է ոստիկաններին, մաղթել բարի ծառայություն: Տոնական տրամադրությունը չմթագնելու համար ոստիկանության պետը հորդորել է անհանդուրժող լինել և ներողամտություն չցուցաբերել օրինախախտների հանդեպ, նրանց հայտնաբերել ու ենթարկել պատասխանատվության:

Արդյունքում՝ ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանները կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 1091 արձանագրություն, ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 84 մեքենա, որոնցից 60-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում:

«Սևանի ափամերձ հատվածներում լիովին ապահովվեց հասարակական կարգը: Նշենք նաև, որ մինչև ուշ գիշեր շարունակվում էր մեքենաների հոսքը դեպի մայրաքաղաք: Ճանապարհային ոստիկանության ծառայողներն առանց հանգստի ապահովեցին մեքենաների անվտանգ ու ապահով երթևեկությունը դեպի մայրաքաղաք: Ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքում հպարտությամբ կարող ենք փաստել, որ որևէ լուրջ միջադեպ կամ պատահար տեղի չի ունեցել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ