![]()
Վարդավառի տոնը հնում ուներ տոնահանդեսի արարողակարգի հաջորդականություն, որ որոշակի հստակեցում էր մտցնում հանդիսությունների շղթայում: Տոնին բնորոշ ծեսերը ընդհանրական էին, որ ըստ դրանց ամենուր տոնը բնորոշվում էր. այդպիսիք էին, օրինակ, միմյանց վրա ջուր ցողելու, աղավնիներ թռցնելու, միմյանց ծաղիկներ նվիրելու, եկեղեցի հասկեր տանելու և օրհնել տալու սովորությունները, ուխտագնացությունները, զոհաբերությունները, գիշերային հանդեսները և այլն:
Կատարման ժամանակով Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի’ խնդրելով, որ դաշտերը կարկուտից ու մորեխից անվնաս մնան:
Ընդհանրացված սովորույթ էր, որ տարվա առաջին խնձորը ուտեն Վարդավառին։ Սարերում Վարդավառի ամենաուրախ հանդեսներին հավաքվում էին լարախաղացներ, կազմակերպվում էին պարեր, տոնավաճառներ, և զբոսախնջույքներ:
Ուխտավայրերում կատարվող վարդավառյան հանդիսությունները երբեմն հիշեցնում էին նավասարդյան տոնահանդեսները:
![]()