![]()
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները և իրականցնել Աստծո կամքը:
Ժողովրդի մեջ տոնն առավել հայտնի է Վարդավառ անունով: Այն Հայաստանի առանձին բնակավայրերում ունի անվանման տարբեր ձևեր, որոնք հիմնականում պայմանավորված են հայոց ներէթնիկ խմբերի բարբառային առանձնահատկությամբ, ինչպես նաև տոնի գլխավոր ուխտավայրերի ու առավել տարածված բաղադրիչների գերակա անվանումներով:
Վարդավառից առաջ նշանված աղջիկները մի ամանի մեջ ցորեն կամ գարի էին կանաչեցնում: Վարդավառին մի երեխայի հասակի չափ փայտ էին տնկում այդ կանաչի մեջ ու զարդարում մանր վարունգով, խնձորով ու վարդերով: Փայտը հաճախ թևավոր էր լինում: Այս զարդարած փայտը կանաչի հետ միասին կոչվում էր «Խնդում»:
![]()
Տոնի կարևոր պայմաններից է միմյանց վրա ջուր ցողելը: Հատկապես երիտասարդներն առուների եզրին կամ աղբյուրների մետ հավաքվելով՝ ժամեր շարունակ ուրախ կատակներով, ճիչ ու աղմուկով ջուր էին ցողում միմյանց վրա: Վարդավառը ցնծության, կերուխումի, երգ ու պարի տոն էր` ողողված վարդերով, ծաղիկներով ու ջրով:
![]()
Ավանդույթները ժողովրդի մշակույթի մի մասն են կազմում և դրանց միջոցով է, որ կարելի է պատկերացում կազմել տվյալ ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի մասին: Այսօր արդիական է ժողովրդական ավանդույթների վերականգման և պահպանման հարցը:
Այդ պատճառով Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներն առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպում են մի շարք միջոցառումներ, որոնք անց են կացվում ժողովրդական սովորությունների համաձայն:
![]()