![]()
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Վարդավառի տոնի կապակցությամբ՝ սույն թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 06:00-ից մինչև 20:00-ն, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը:
Հիշեցնենք, որ Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին։
Վարդավառը տարբեր բնակավայրերում ուներ անվանման տարբեր տարբերակներ՝ պայմանավորված հայերենի բարբառային առանձնահատկություններով, ինչպես նաև տոնի գլխավոր ուխտավայրերի ու առավել տարածված բաղադրիչների գերակա անվանումներով։
Այդ անվան տարբերակներից են՝ Վարթավառ (Արճակ), Վարդևոր (Լոռի, Ջավախք, Հարք-Բուլանխ,Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ), Վառթիվոր (Ձնաբերդ), Վըրթէվուր կամ Վըրթէվուր (Արցախ-Վարանդա), Վարթևոր (Նոր Նախիջևան), Վարթիվոր, Ճրճանքի օր (Շաղաթ), Ճրճան (Մարտիրոս-Վայոց Ձոր), Վրթիվեր (Այգեհովիտ-Տավուշ), Վըրդիվուր (Մեղրի), Վարդավար, Վարդըվուր կամ Վարդիվուր (Մոսալեռ), Վարթիվոր (Ղզլար), Պալլամ, Պարլում կամ Պարլամօն (Քեսապ) և այլն:
![]()
![]()