Դաժան և ողբերգական վրաերթ Երևանում. էվակուատորը մի քանի մետր քարշ է տվել մեկ այլ մեքենայի կողմից վրաերթի ենթարկված պատանուն

Նախօրեին՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Մովսես Խաչատրյանն իր վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել 17 տարեկան տղա հետիոտնին։

Վրաերթի ենթարկվածը շպրտվել և ընկել է հանդիպակաց ընթացող 23-ամյա Սարգիս Թորոսյանի վարած MAN մակնիշի ավտոմեքենայի տակ։ MAN մակնիշի ավտոմեքենան, որը շահագործվում է որպես էվակուատոր, երեխային քարշ տալով մի քանի մետր, հեռացրել է բախման վայրից։ Երեխային քաղաքացիները փորձել են առաջին օգնությունը ցուցաբերել և մեկ այլ քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, սակայն ճանապարհին երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Կայքի հաղորդմամբ, վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ նրանք եղել են սթափ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած երեխայի ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ