«Քշի վրեքները». մայր արջն ու քոթոթները սարսափահար փախչում են իրենց հետապնդող մեքենայից

ՀՀ-ում շարունակվում են արձանագրվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքեր։ Այսօր՝ հուլիսի 24-ին հրապարակվել է տեսանյութ, որն ըստ աղբյուրի նկարահանվել է Վայոց ձորի մարզում։ Տեսանյութում ճանապարհով քայլող 3 արջերը վախեցած փախչում են իրենց հետապնդող մեքենայից, իսկ մեկ այլ մեքենա քիչ է մնում կենդանիներին վրաերթի ենթարկի։

Տեսանյութում երևացող կենդանիները հավանաբար Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից Վայոց ձորի մարզում բնություն վերադարձված արջն ու երկու ձագերն են։ Կենդանիները բնություն են վերադարձվել Արջերի փրկության ծրագրի շրջանակներում՝ երկարատև վերականգնողական թերապիա անցնելուց հետո։

Այն, որ դեպքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորում է, վկայում է նաև գործող անձանց խոսակցությունը։ «Քշի վրեքները»,- ասում է նրանցից մեկը, իսկ մայր արջն ու երկու քոթոթները շարունակում են սարսափահար փախչել իրենց հետևող ավտոմեքենայից։

Քիչ անց հայտնվում է նաև երկրորդ մեքենան, որը գրեթե հարվածում է կենդանիներին։ Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

Վայոց Ձորի արջն իր քոթոթներով

Վայոց Ձորի արջն իր քոթոթներով, ըստ տեղաբնակների FPWC — ի կողմից գարնանը բաց թողնված նույն կենդանիներն են։ "Էկո-մեդիա" լրագրողական ցանցին փոխանցվել է տեսագրություն, որտեղ հեռակառավարվող տեղորոշման վզկապ է երևում արջի վզին, ինչը կարող է հաստատել տեղացիների կասկածները։

Posted by Էկո- Մեդիա ցանց on Wednesday, July 24, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ