![]()
Նախագահ Արմեն Սարգսյանը չափազանց տպավորված է Լոռվա բնաշխարհի տեսարժան վայրերով: Այդ մասին նախագահն ասել է Լոռու մարզ աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում:
Նախագահը անհրաժեշտ է համարել մարզում տուրիզմը և հատկապես ներքին տուրիզմը խրախուսելը, ենթակառուցվածքները զարգացնելը։
«Եթե Երևանում ես ապրում, շաբաթ-կիրակի օրն ավելի լավ բան կա՞ անելու, քան վեր կենալ և գալ Լոռու մարզ կամ Սյունիք, Գեղարքունիք, Գյումրի։ Չկա՛»,-ասել է նախագահը։ – «Ես երկու օր է այստեղ եմ և ամբողջովին վերալիցքավորված եմ, որովհետև շփվում ես իրական բնության և բացարձակ գեղեցկության հետ։
Երկու օրվա ընթացքում առիթ ես ունենում տեսնել և վայելել պատմական նշանակություն ունեցող շատ արժեքավոր կոթողներ, ասենք՝ Օձունի վանքը կամ Լոռի բերդը։
Շատ երկրներ կերազեին նմանատիպ բերդ ունենալ և այդ բերդը կարողանային ոչ միայն պահպանել և ցուցադրել, այլև գրավիչ դարձնել և՛ իրենց երիտասարդների, ժողովրդի և՛ օտարների համար։ Այն, որ Հայաստանում՝ Լոռիում, 10-11-րդ դարերում բարձր քաղաքակրթություն է եղել, փաստ է, որին շատերը ծանոթ չեն։ »
![]()