![]()
«Հրապարակ» թերթը գրում է․«Տարվա ամենասպասված հարսանիքի՝ Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտի և Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի հարսանիքի օրն արդեն որոշված է՝ սեպտեմբերի 7: Այժմ բուռն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
Պսակադրության արարողությունը տեղի կունենա Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որը կառուցել է հարսնացուի հայրը: Խնջույքը՝ «Փարավոն» համալիրում, որի 800 տեղանոց սրահն այժմ ձևափոխում են, հատուկ բեմ են կառուցում նորապսակների համար, ինչի արդյունքում 300 նստատեղ հանվելու է:
Հարսանեկան զգեստը կարում է աշխարհահռչակ Էլի Սաաբը՝ լիբանանյան ծագումով մոդելավորողը, ով զգեստներ է կարել հոլիվուդյան շատ աստղերի համար: Նրա զգեստների արժեքը 200-300 հազար դոլարից պակաս չի լինում: Մեզ ասացին, որ Անահիտ Ծառուկյանը շորը կարելու ընթացքում մի քանի ամիսը մեկ Դուբայ է մեկնում՝ «պրիմերկայի»:
Իսկ ընտանիքների փոքրիկները հարսանիքի ժամանակ միանման են հագնված լինելու, նրանց զգեստները կարում է Սուքիասյանի դուստրը՝ Աննա Սուքիասյանը («Անկասա» բրենդը պատկանում է Աննային): Խոսվում է, որ հրաժարվել են ամենապոպուլյար հարսանիք վարողներից, որոշել են թատրոնի դերասաններ վերցնել՝ ռուսերենի և անգլերենի իմացությամբ, մասնավորապես՝ խոսքը Սունդուկյան թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանի մասին է: Երգելու են հայ և օտարերկրյա կատարողներ: Հյուրերի քանակը, իրենց չափանիշներով, սահմանափակ է լինելու՝ 500 մարդուց ոչ ավելի»:
![]()