«Տուր ինձ, Տեր, ապաշխարության վայր, ճգնության օթևան, խաղաղության հոգի և արդարության ճանապարհ․․․»․ զորավոր աղոթք

Տուր ինձ, Տեր, ապաշխարության վայր, ճգնության օթևան, խաղաղության հոգի և արդարության ճանապարհ, ամրության սպառազինություն, հաստատության հույս և հարատև երկյուղ:

Դուրս բեր ինձ, Տեր, խորաթռիչ ծովահեղձ ցանկական կենցաղի մեղքերի անվերջ ընթացքից և շնորհիր ինձ աչքերի լույս և մտքի տեսություն, կյանքի հանդարտություն, շնորհների

մերձեցում, արդարության արահետ: Տեր, շնորհիր ինձ, լաց ու արտասուք, որ սգամ մեղքերիս համար, սրտաբեկ երկյուղ և, հոգեմաշ սարսափ ու դող` տանջանքների ահից, կենաց ճանապարհ և անդադար պաղատանքներ: Արիացրու ինձ, Տեր, որպեսզի պահեմ պատվիրանները, լինեմ ժուժկալ, հաղթեմ բանսարկուի դեմ պատերազմում, մարմնով մեռնեմ [մեղքի համար] և պայծառանամ ճգնության մեջ:

Լցրու ինձ, Տեր, երկյուղով ու զղջմամբ, արտասուքներով ու հառաչանքներով, սիրով և սրբությամբ, շնորհներով և ճշմարտությամբ, գիտությամբ ու բոլոր առաքինություններով: Ջնջիր մեղքերիս բազմությունը, Տեր, և թոթափիր հանցանքներիս դառը մրուրը, պարարիր սիրտս Սուրբ Հոգուդ արբեցմամբ և իմ փշաբեր մարմինը լցրու շնորհներով, աճեցրու և պտղաբեր դարձրու:

Ցույց տուր Քո ծառային, Տեր, Քո շնորհները` գութն ու ողորմությունը, ինձ տաճար դարձրու, որ` բնակարան լինեմ Ամենասուրբ Հոգուդ, և մի՛ թող այլևս, որ ծառայեմ մեղքին ու ապականությանը: Տեր, բժշկիր ինձ հպարտությունից ու ամբարտավանությունից, սնափառությունից և

փառասիրությունից, մարդահաճությունից ու ոխակալությունից, բարկությունից ու

ատելությունից և բոլոր չարիքներից:

 

 

 

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ