Մինչ այժմ անտառը ծառայել է գռփելու, թալանելու, ընտրակաշառքի, քաղաքական դիվիդենտների հավաքելու համար

Արդեն երրորդ օրն է՝ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Ապօրինի ծառահատմամբ զբաղվողները պահանջում են թույլատրել ծառ հատել՝ նշելով, որ ընտանիք են պահում, աշխատատեղ չկա: Հիշեցնենք, երեկվա ակցիայի ժամանակ էլ բախում տեղի ունեցավ, քաղաքացիները քարեր էին նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի պատճառով մոտ 2 տասնյակ ոստիկան վնասվածքներ էր ստացել:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հնարավոր է՝ սրա հետեւում նախկին պաշտոնատար անձինք կանգնած լինեն:

— Պարոն Չոբանյան, տեղեկություններ ունենք, որ Իջեւանում տեղի ունեցող բողոքի ակցիայի հետ առնչություն ունի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Դուք տեղեկություն ունե՞ք այդ մասին:

— Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, ավելի լավ է իրավապահ մարմինները դրան անդրադառնան:

— Ուղղորդվա՞ծ են ակցիաները, թե մարդիկ ինքնաբուխ են դուրս եկել եւ իրոք խնդիր ունեն:

— Իմ տպավորությունն այն է, որ ուղղորդված է:

— Դուք նշել եք, որ մարզում 200 աշխատատեղ կա: Ինչո՞ւ ակցիայի մասնակիցները չեն գալիս այդտեղ աշխատելու:

— Որովհետեւ իրենք սովորել են գողությամբ գերշահույթ ստանալ:

— Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ օրը 10 հազար դրամով չի գա աշխատելու: Որքա՞ն գումար են նրանք աշխատում ծառահատումներ իրականացնելով:

— Չեմ կարող ասել, բայց հետեւություն կարող ենք անել, որ վաստակում են շատ ավելի շատ: Ակցիայի մասնակիցների մի մասը բավականին կայուն մարդիկ են՝ բարձր եկամտով, մի քանի տներով, մեքենաներով եւ ես, ճիշտն ասած, զարմանում եմ՝ ինչպես կարող են իրենց արժանապատվությունը գցել ու իրենց երեխաների աչքերին նայել այն բանից հետո, երբ լացում են, թե իրենց ընտանիքը չեն կարողանում պահել:

ամբողջական հոդվածը՝  ArmTimes

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ