![]()
«Ինձ համար միանշանակ է մի բան, որ 2019 թվականի Հայաստանը պետք է ունենա 2019 թվականի Սահմանադրական դատարան։ Սա է քաղաքական խնդիրը։ Եվ որևէ մեկը չկասկածի, որ էս խնդիրը պետք է լուծվի»։ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակի մասին այսպիսի բնորոշում այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա բացատրեց, որ թեև ներկայումս գործում է 2015 թվականի Սահմանադրությունը, բայց Հրայր Թովմասյանն այդ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ ստանձնել է ՍԴ նախագահի պաշտոնը, որպեսզի պաշտոնավարի նախորդ Սահմանադրությամբ սահմանված ռեժիմով՝ ցմահ կամ մինչև 65 տարեկանը։
«Էտ մարդը պետք է որոշի Հայաստանի սահմանադրական ապագան… մի հատ բուդկայի նման սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը։ Սա իմ քաղաքական գնահատականն է»,- ասաց Փաշինյանը։
Թե ոնց պետք է լուծվի Սահմանադրական դատարանի թնջուկը, վարչապետը չգիտի՝ գուցե Ազգային ժողովը պետք է խոսի Սահմանադրական դատարանի հետ, գուցե փորձագիտական հանրությունը, բայց Սահմանադրական դատարանը «բուդկայի կարգավիճակից» պետք է դուրս գա։
Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, Փաշինյանն ասաց, որ այդ հանձնաժողովը միայն մեկ պաշտոնական հայտարարություն է արել, որով արդյունավետ է համարել Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը։
Իսկ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի նամակին պատասխանելու մասին հարցին պատասխանելիս վարչապետն ասաց, որ այս մեկնաբանությունները կարելի է համարել այդ պատասխանի մեկնարկը։
![]()
![]()