![]()
Սևանի թերակղզու լողափերի վարձակալներն այս օրերին իրական տանգապի մեջ են։ Զբոսաշրջային թեժ սեզոնին միլիոնավոր դրամների վնասներ են կրում։ Չնայած որ շատ լողափերում ջուրը արտաքինից պարզ ու մաքուր է, վարձակալներն ասում են՝ հանգստացողները Սևան չեն գալիս։ Թերակղզում տեղակայված «Բլյու Բիչ» լողափի վարձակալ Դավիթ Ջանիկյանը հայտարարեց՝ նպատակաուղղված սուտ տեղեկություններ են դրվում շրջանառության մեջ, թե Սևանի ջուրը թունավոր է։ Արդյունքում, դժգոհեց, այցելուներ գրեթե չկան, չկա նաև եկամուտ․«Կարող եք նկարել ջուրը, մարդկանց, որ լողանում են՝ թունավոր չէ։ Էնքան վատ ա, որ կարող ա չկարողանանք հողի հարկի վճարել»։
Իսկ «Աստերիա» լողափի վարձակալ Ռոլանդ Դավթյանն ասաց՝ աշխատավարձը հազիվ են հասցնում տալ․ «Սուտ տեղեկատվությունը, որ կա, որ ջուրը կանաչ ա, մարդիկ չեն գալիս։ Մարդը գալիս ավտոմեքենայից իջնում է, առաջինը վազում են տենան՝ ջուրը կանաչ ա, թե մաքուր ա»։
Սևանի ջրից կովերի անկելու լուրը ևս սուտ որակեցին։ Ասացին՝ կասկածներ ունեն, որ Սևանի շուրջ կրքերը թեժացնում են արտերկրում տուրիզմ կազմակերպող ընկերությունները և լողավազանների սեփականատերերը։ Տնտեսվարողները վստահեցնում են՝ կովերի ջրից անկելու տեղեկությունն ասպարեզ նետելը ևս պատահական չէ․ Ռոլանդ Դավթյանը ասաց․
«Տուրիստական կազմակերպությունները, որոնք մարդկանց տանում են Վրաստան՝ Բաթումի, Քոբուլեթի, իրենց պետք է, որ կարողանան տուրիզմը տանել, ու որ մարդիկ գնան բասեին»։
Վարդուհի Գևորգյանը ավելացրեց․ «Ստից պառաժ են գցել, որ Սևան չգան, երևի ուրիշ տեղեր տուրիստական գործակալություններ ունեն, որ ստեղ չգան, էդ են շուխուռ դնում։ Ստեղ ոչ մի բան էլ չկա, ամեն օր էլ լողանում է ժողովուրդը»։
![]()