![]()
Հայաստանում կարող է վերանալ «օդի փողը», ավիատոմսերի գները կնվազեն, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը` ամփոփելով այդ պաշտոնում իր մեկ տարվա աշխատանքի արդյունքները:
Հայաստանի կառավարությունը 2008 թվականի դեկտեմբերի 30-ին լրացումներ է կատարել պետտուրքի մասին օրենքում, որի համաձայն, 2009 թվականի մարտի 29-ից Հայաստանից մեկնող բոլոր անձինք, բացի մինչև 12 տարեկան երեխաներից, տարանցիկ ուղևորներից, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներից, վետերաններից և հաշմանդամներից, ՀՄՊ-ում զոհվածների այրիներից, Հայաստանի ազգային հերոսներից և Խորհրդային Միության հերոսներից, ավիատոմս գնելիս հարկվում են «օդի հարկով»:
Հարկը ֆիքսված 10 հազար դրամ է, որը ներառվում է ավիատոմսերի գնի մեջ: 2014 թվականից լոուքոսթերի ներգրավման համար հարկը չեղարկվել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի համար:«Կարծում եմ, որ, հաշվի առնելով Հայաստանում ավիատոմսերի բարձր գները, անհրաժեշտ է առավելագույնս նվազեցնել պասարկման գները և հարկերը, մասնավորապես, բացառել «Օդի հարկը»»,- ասաց Ռևազյանը:
Նրա խոսքով, նման հարկատեսակի ներդրումը սխալ է և խոչընդոտում է ավիաընկերությունների մուտքին հայկական շուկա:
Նա նշեց, որ լոուքոսթեր ընկերություններ ներգրավելու համար արդեն օրենսդրական փոփոխություններ և արտոնությունների տրամադրում է մշակվում, որոնք, մասնավորապես, կենթադրեն «օդի փողի» բացառումը:
Նրա խոսքով, հետագայում ծրագրվում է բանակցություններ վարել և ամբողջովին վերացնել այդ հարկատեսակը:
![]()
![]()