![]()
Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ: Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Հանրապետության հրապարակից երթով շարժվում էին Երևանի Կենտրոնի փողոցներով: Երբ նրանք ցանկացան փակել Թումանյան փողոցը, բախում տեղի ունեցավ ոստիկանների և նրանց միջև: Ոստիկանները ցուցարարներին թույլ չտվեցին փակել փողոցը և նրանց քաշքշելով՝ հեռացրին փողոցից:
Տեղեկություններ կային, որ այդ պահին Թումանյան փողոցով պետք է անցներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ այս բախումը մեկ այլ միջադեպ ևս տեղի ունեցավ: Ցուցարարները Կառավարության շենքի մոտ տեսան Նիկոլ Փաշինյանին և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, որոնք դուրս էին եկել զբոսնելու:
Սակայն Նիկոլ Փաշինյանը չմոտեցավ ցուցարարներին: Ցուցարարները գոչեցին՝ «Նիկոլ, մի վախեցիր քո ժողովրդից», «Քոչարյան, հերոս»:
Այնուհետև անգլերենով գոչեցին՝ նախագահ Քոչարյանը քաղբանտարկյալ է: Իսկ Թումանյան փողոցում կրքերն այնքան թեժացան, որ քաղաքացիներից մի քանիսն էլ սկսեցին միմյանց հետ վիճել:
![]()