![]()
Արարատի մարզի Զոդի կամրջի վրա հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած եւ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 13-ամյա երեխան արդեն քայլում է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:
«Եվս մեկ, երկու օր եւ դուրս կգրվի հիվանդանոցից:
Հիշեցնեմ, որ երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ձեռքի կոտրվածքով, ոտքերի հատվածում կտրած-ծակված վերքերով և ծնոտային քերծվածքներով: Երեխան վիրահատվել էր, վիրահատությունն անցել էր լավ»,-գրել է Դերձյանը:
Հիշեցենք, որ հուլիսի 6-ին ժամը 15:15-ի սահմաններում Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար. Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց էին բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ էր բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել էր «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետեւանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ վերջինիս հինգ ուղեւորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղեւորները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:
![]()
![]()