![]()
Հեռուստատեսային դադարից հետո դերասան Ալեքսանդր Խաչատրյանը սկսել է նկարահանվել «Պատվից առավել» հեռուստասերիալում։ Նոր աշխատանքի առաջին մանրամասները դերասանը վստահել է Tert.am Life-ին:
Ալեքսանդր Խաչատրյանի խոսքով՝ բացասական կերպարներ կերտելն իր հետաքրքրությունն ունի․ «Բացասական կերպար մարմնավորելն այնքանով է հետաքրքիր, որ կարողանում ես այդքան բացասական բնավորության գծերի մեջ գտնել դրական ինչ-որ բան։ Այսինքն՝ դերասանն այս դեպքում իր առաջ խնդիր ունի բացասականի ֆոնին ցույց տալ դրականը։ Այս ամենի մեջ փոքր-ինչ հակասություն կա, բայց, կարծում եմ, հենց այդ հակասությունն է, որ բացասական կերպարի վրա աշխատելն ավելի հետաքրքիր է դարձնում»։
Էկրանային աշխատանքից դուրս 71-ամյա դերասանը զբաղվում է այգեգործությամբ՝ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում։ «Կարբի համայնքում այգի ունեմ, բավականին ժամանակ է, ինչ զբաղվում եմ այգեգործությամբ։ Շատ-շատ եմ սիրում բնությունը, գյուղը, այնտեղի աշխատավոր մարդկանց: Առհասարակ, աշխատող մարդու տեսակն եմ շատ սիրում, գնահատում եմ, երբ մարդն իր գործն իսկապես հաճույքով է անում, անկախ մասնագիտությունից։ Աշխատանքային գրաֆիկս այնպիսին է, որ չեմ կարողանում այգուս այնքան ժամանակ տրամադրել, որքան պետք է։ Երբ շատ զբաղված եմ լինում, այգու խնամքով մեր աշխատակիցն է զբաղվում»,- ասաց դերասանը։
![]()
Դերասանի խոսքով՝ ինքը Միացյալ Նահանգներում բնակություն չէր հաստատել, հիմա էլ մեկնում է միայն գործնական նպատակներով։ Ալեքսանդր Խաչատրյանն ավելի վաղ հարցազրույցներից մեկում ասել էր, որ Հայաստանում ոչ ավտոմեքենա, ոչ էլ բնակարան ոինի։
![]()
Նրանից հետաքրքրվեցինք՝ այս ընթացքում կարողացե՞լ է բնակարան և մեքենա ձեռք բերել, թե՞ ոչ։ Նա ծիծաղելով պատասխանեց, թե ավտոմեքենա գնել է, բնակարան՝ ոչ։ «Հուսով եմ, ապագայում բնակարան կունենամ, առայժմ դեռ վարձով եմ ապրում»,- ասաց դերասանը։
![]()