Նախկին փոխոստիկանապետ Վարդանյանը Վոլոդյա Գրիգորյանի գործով անմեղ է, անհեթեթ հայտարարություն է հնչել. նախարար

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը վստահ է՝ նախկին փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը Փարաքարի նախկին ղեկավարի սպանության մեղադրյալի պնդումների հետ առնչություն չունի և այս գործով անմեղ է:

«Ես ինքս դեպքի ժամանակահատվածում եղել եմ Վաղարշապատի ոստիկանության բաժանմունքում, գիտեմ A-ից մինչև Z ինչպես է տեղի ունեցել պրոցեսը, ինչ ապացույցներ է վարույթն իրականացնող մարմինը ձեռք բերել և իրավաչափ եղանակով հաստատել, դրա համար եմ ասում, որ ինձ համար անհեթեթ հայտարարություն է հնչել դատարանում, կապրենք, կտեսնենք, թե դատական վարույթն ինչ ավարտ կունենա»,- «Բուն TV»-ին տված հարցազրույցում ասել է ՆԳ նախարարը:

Նա հավելել է, որ հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի: Հարցին, թե ինչու է Վարդան Վարդանյանն ազատվել պաշտոնից, Արփինե Սարգսյանը պատասխանել է. «Ընդամենը կադրային շարժի արդյունքում»:

Նշենք՝ Փարաքարի համայնքապետի սպանության գործով գլխավոր մեղադրյալ Գևորգ Հարությունյանը նոյեմբերի 11-ին դատարանի դահլիճում աղմկահարույց հայտարարություններ է արել՝ պնդելով, որ համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության մեղքն իր վրա է վերցրել փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի սպառնալիքներից հետո:

Հարությունյանը ինքնախոստովանական ցուցմունք էր տվել ու կալանավորվել անցած տարվա սեպտեմբերին: Նա դատարանի դահլիճում նոյեմբերի 11-ին հայտարարել է, թե ոստիկանությունում նախ իրեն համոզել են, որ ինչ-որ մարդկանց դեմ ցուցմունք տա, իսկ երբ հրաժարվել է, սպառնալիքների ներքո ստիպել են սպանությունն իր վրա վերցնել:

Ստիպողն, ըստ Գևորգ Հարությունյանի, եղել է այն ժամանակ փոխոստիկնապետ, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը:

Դատարանում մեղադրյալ Գևորգ Հարությունյանն իրադարձություններն այսպես է ներկայացրել. «Վարդանյանը ասեց՝ եթե ուզում ես, որ ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ էս ամենը դու ես արել: Ասեցի, ո՞նց ասեմ, եթե ես կապ չունեմ, ընտանիքիս ինչի՞ եք էս ամեն ինչին խառնում: Ասեց նայի, եթե չես ասում, որ դու ես արել, չես վերցնում քո վրա, քո տան դիմաց անվտանգության պոստ չեմ դնի: Վոլոդյա Գրիգորյանի ընտանիքի մարդկանց մոտ կատաղած վիճակ ա, շուխուրը կգցենք, որ սրա հետ դու կապ ունես, կամ դու ես արել: Նայի՝ տնեցիքիդ մի վնաս չտան: Եթե չտան էլ, նայի մենք չօժանդակենք, որ քո ընտանիքին մի հատ վնաս տան: Քուր ունես փոքր, մեր ունես, տարիքով տատ ու պապ ունես, նայի մենք մի վնաս չտանք… վերջը էդ ամենը վերցրեցի ինձ վրա»:

Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ էին հնչել։

Սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Վիրավորում էր ստացել Արծրուն Գալստյանը:

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով Քննչական կոմիտեն մանրամասներ և լուսանկարներ էր հրապարակել:

Կալանավորվել են Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ