![]()
ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Տարոն Չախոյանը որևէ կարգավիճակ չունի։
Պատգամավորն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ մինչ այժմ հարցաքննության չի հրավիրվել։
Միաժամանակ նա ընդգծել է, որ դեմ չէ միջադեպին իրավապահների կողմից քրեաիրավական գնահատական տալուն՝ անկախ նրանից՝ հնարավոր մեղավորը իշխանությունի՞ց է, թե՞ ընդդիմությունից։
Չախոյանը հերքել է, թե վարույթը կարող է քաղաքական նպատակ հետապնդել կամ ուղղված լինել ընդդիմադիր պատգամավորներին խորհրդարանից հեռացնելուն։
Պատգամավորը մեկնաբանել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Այն ձեռքը, որը մեկնել է դեպի ամբիոնում կանգնած մարդուն, պետք է կոտրենք» հայտարարությունն ու ասել, որ դա ասվել է փոխաբերական իմաստով:
«Կոտրելը վարչապետը նկատի է ունեցել փոխաբերական իմաստով, բնականաբար՝ ոչ ուղիղ իմաստով։ Եվ կոտրելը նկատի է ունեցել այն պատասխանը, որը ստացավ ընդդիմությունը իր խուլիգանական պահվածքի համար, նաև այն անձը, ով գնացել էր այդ քայլերին»,- ասել է նա։
Չախոյանը պնդել է, որ միջադեպի ժամանակ ինքն ընդամենը ջուր խմելիս է եղել, երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկը հարձակվել է իր վրա։ Նրա խոսքով՝ ինքը չի սկսել ծեծկռտուքը, իսկ իր գործողությունները եղել են պատասխան հարձակմանը։
«Կարծում եմ` ակնհայտ է, որ ջուր խմողը, բնականաբար, չի պատրաստվում կռիվ անել։ Կռիվ անելուց մարդիկ սովորաբար բաժակով ջուրը ձեռքներին ջուր չեն խմում։ Մի ժողովրդական խոսք էլ կա, չէ՞, ասում են՝ ջուր խմողին անգամ օձը չի խայթում, բայց մեր պատգամավորներից, ընդդիմադիր պատգամավորներից մեկը որոշեց, որ կարող է ջուր խմելուց հարձակվել ինձ վրա, ինչին հետևեց պատասխանը»,- նշել է Չախոյանը։
Նա նաև հերքել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դավթյանի պնդումը, թեինքը հայհոյել է, ինչին ի պատասխան ծեծկռտուք է սկսվել։
«Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է»,- ասել է.Չախոյանն ու հավելել, որ հիշյալ պնդումը ապացուցելի չէ, քանի որ նման բան չի եղել։
![]()