Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին

Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել է, որ Հայաստանի համար նպատակահարմար կլինի սահմանափակել ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին հասանելիությունը։

«Ես վստահ եմ, որ որոշ լիովին գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը կսահմանափակվի»,- ասել է նախարարը «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում։

Նա, չկարողանալով թաքցնել ՀՀ-ի նկատմամբ իր կանխակալ ու ոչ բարեկամական վերաբերմունքը, կասկած է հայտնել, թե «արժե՞ ՀՀ-ի նման գործընկերոջը լիովին գաղտնի փաստաթղթերին լիարժեք հասանելիություն տրամադրել»:

Նախարարը բացատրել է, որ ենթադրաբար, գաղտնի տեղեկատվությունը կարող է օգտագործվել այն երկրների շահերի դեմ, որոնք իսկապես մտադիր են զարգացնել այս ինտեգրացիոն միավորումը «դրական, միասնական և համախմբող ձևով»։

Ռիժենկովը հայտարարել է նաև, որ ոչ թե ժողովուրդը, այլ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն է փոխել իր վերաբերմունքը երկրի ինտեգրացիոն կառույցներին՝ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին մասնակցության նկատմամբ։ Նա սա անվանել է «պասիվ մասնակցություն», որի դեպքում Հայաստանը այդ միավորումներից իբր վերցնում է այն, ինչից օգուտ է ստանում։

«Սա այդ միավորումներին մասնակցությունից ստացված որոշ գիտելիքների և որոշակի առավելության շահագործումն է սեփական եսասիրական շահերի համար, որոնք հակասում են ինտեգրացիոն միավորումների նպատակներին։ Մենք ուզում ենք ուժեղ լինել, մենք ուզում ենք միասնական լինել քաղաքական, տնտեսական և անվտանգության հարցերում:

Իրավիճակն այսպիսին է. ես կընտրեմ ձեզնից այն, ինչ ինձ հետաքրքրում է՝ գազի գները, նավթի գները, մեր ապրանքների տեղափոխումը վերջնական սպառողին, մնացածը մեզ չի վերաբերում։ Այս վերաբերմունքը չէր կարող աննկատ մնալ»,- ՀՀ-ի մասին խոսելիս բարձրագոչ հայտարարել է բելառուս նախարարը։

Ավելի վաղ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշել են զրկել Հայաստանին կազմակերպությունում քվեարկելու իրավունքից, ինչպես նաև կազմակերպության ներսում իր ներկայացուցիչներին բարձր պաշտոններում նշանակելու իրավունքից։

2024 թվականին Հայաստանը հայտարարել էր իր մասնակցության «սառեցման» մասին, չնայած դա նախատեսված չէ կազմակերպության կանոնադրությամբ, Երևանը նաև դադարեցրել էր անդամավճարների վճարումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ