Համացանցը նպաստում է թմրամիջոցների տարածմանը, թեև դրանց թիվը նվազել է․ բուժվողների 2%- է լիարժեք լավացել

Համացանցը ներկայումս էական դեր ունի թմրամիջոցների ապօրինի շրջանառության, տարածման և հատկապես երիտասարդների շրջանում դրանց հասանելիության մեծացման գործում՝ վերածվելով թմրամիջոցների ապօրինի վաճառքի, գնորդների ներգրավման և վաճառողների միջև կապ հաստատելու գործիքի։ Այս մասին Zarkerak.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնից» (ԿԲԱԿ)՝ անդրադառնալով վերջին շրջանում ՀՀ-ում թմրանյութերի շրջանառության, անչափահասների շրջանում դրանց տարածվածության և նման կախվածությունից բուժում ստացած անձանց թվերի մասին հարցմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ-ից Zarkerak.am -ին տեղեկացրել էին, որ 2026 թվականի 7 ամիսների ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12%-ով կամ 230-ով՝ 1923 դեպքից հասնելով 1693 դեպքի:

ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնից» ընդգծում են, որ համացանցը թմրամիջոցների տարածման միակ կամ հիմնական պատճառը չէ, այլ արդեն գոյություն ունեցող ապօրինի շուկայի ընդլայնման և հասանելիության բարձրացման միջոցներից մեկը։

Անդրադառնալով թմրամիջոցների տարածման կանխարգելմանն ուղղված քայլերի մասին հարցին ԿԲԱԿ-ից նշեցին. «Համացանցի միջոցով թմրամիջոցների տարածման կանխարգելումը իրականացվում է հանրային առողջապահական մոտեցմամբ, ոչ միայն իրավապահ մարմինների, այլև կրթական, առողջապահական և տեղեկատվական համակարգերի համատեղ աշխատանքի միջոցով (թվային հարթակների պատասխանատվության բարձրացում, իրավապահ և միջգերատեսչական համագործակցություն, թվային գրագիտություն և կրթություն, առցանց կանխարգելման ծրագրեր)»։

Ըստ ներկայացրած տվյալների ԿԲԱԿ-ում թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց թվաքանակի նվազում կա: Այսպես, 2024 թվականին Կենտրոնում բուժում է ստացել թմրամիջոցներից կախվածություն ունեցող 721 անձ, որից 12-ը կին (Նշված 721 անձանցից 611-ը բուժումը ստացել է փոխարինող բուժման ծրագրի շրջանակներում, դրանցից 10-ը կին), 2025 թվականին՝ 715 անձ, որից 11-ը կին (փոխարինող բուժման ծրագրով՝ 622-ը, որից 9-ը կին), իսկ 2026 թվականի սկզբից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում 708 անձ, որից 11 կին (փոխարինող բուժման ծրագրի շրջանակում 708-ից բուժում է ստանում 630 անձ, որից 8-ը կին):

Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ նշված ժամանակահատվածում թմրամիջոցներից կախվածություն ունեցող անչափահասներ բուժում չեն ստացել:

ԿԲԱԿ-ի տվյալների համաձայն փոխարինող բուժման մեջ գտնվող անձանց շուրջ 2%-ի շրջանում արձանագրվում է լավացում, ինչը նշանակում է, որ անձը դադարեցնում է փոխարինող բուժումը և այլ թմրամիջոցների գործածումը:

Թմրամիջոցների օգտագործումը, ըստ ԿԲԱԿ-ի, բազմագործոնային վարքագիծ է, որի ձևավորումը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում պայմանավորված է մի շարք ռիսկի գործոններով, մասնավորապես՝ հուզական լարվածությամբ, քրոնիկ սթրեսով, դեպրեսիվ վիճակներով, հոգեբանական տրավմաներով, ընտանեկան անբարենպաստ մթնոլորտով, կոնֆլիկտներով, բռնությամբ, անտեսմամբ և անգամ գենետիկական համակարգի նախատրամադրվածությունով: Թմրանյութերի օգտագործմանը կարող են նպաստել նաև միջավայրային և վարքագծային գործոնները, ինչպես օրինակ թմրամիջոցների հասանելիությունը, թմրամիջոցների օգտագործման նորմալացումը կամ սոցիալական միջավայրում դրական ներկայացնելը:

Անդրադառնալով անչափահասների շրջանում թմրամիջոցների տարածվածությանն ու օգտագործմանը նպաստող գործոնների վերաբերյալ հարցին Կենտրոնից ընդգծեցին, որ դրանք ևս պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնցից առաջնային են հասակակիցների ազդեցությունը և խմբային ճնշումը, հետաքրքրասիրությունը և նոր փորձառության ձգտումը, ընտանեկան վերահսկողության և հուզական աջակցության պակասը, ընտանեկան կոնֆլիկտները և անբարենպաստ հարաբերությունները և այլն: Բացի այս ամենը անչափահասների համար անմիջական ազդեցություն ունի նաև թմրամիջոցների օգտագործման առկայություն ընտանիքում կամ անմիջական շրջապատում: Ազդող գործոն է նաև սոցիալական ցանցերում և այլ տեղեկատվական հարթակներում ռիսկային վարքագծի դրական ներկայացումը, դրանցում թմրամիջոցների հասանելիությունը և դրանց վտանգների վերաբերյալ ոչ բավարար կամ սխալ պատկերացումները:

«Յուրաքանչյուր խմբի թմրամիջոց առաջին իսկ գործածման արդյունքում կարող է ձևավորել կախվածության համախտանիշ։ Թմրամիջոց օգտագործող անձանց նկատմամբ ընտանիքի անդամների արձագանքը պետք է հիմնված լինի աջակցության, հանդուրժողականության և պատասխանատու վերաբերմունքի վրա։ Անհրաժեշտ է խուսափել մեղադրանքից, պիտակավորումից, նվաստացումից և մեկուսացումից, պահպանել բաց հաղորդակցությունը, խրախուսել մասնագիտական օգնության դիմելը և աջակցել բուժման ու վերականգնման գործընթացին՝ միաժամանակ սահմանելով հստակ սահմաններ և չխրախուսելով թմրամիջոցների օգտագործումը»,-նշեցին ԿԲԱԿ-ից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ