![]()
Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արձանագրված` կալանավորված անձ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին առնչվող՝ ՄԻՊ մանդատին վերաբերելի հարցերը ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն:
Դրա շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից։
«Պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման, այդ թվում՝ կյանքի և առողջության պաշտպանության պարտավորությունը գտնվում է պետության պատասխանատվության ներքո։ Պետությունը պարտավոր է ապահովել նաև մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն իր ցավակցությունն է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին և նրա հարազատներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քրեակատարողական հիմնարկում սրտի կանգից մահացել է հոկտեմբերի 25-ի տեղական ընտրություններում Ստեփանավան համայնքի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը:
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ հոկտեմբերի 25-ի տեղական ընտրություններում Ստեփանավան համայնքի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ցավակցել է Արսեն Գևորգյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:
Լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր ՔԿՀ-ներում։ Ճշմարտությունն այն է, որ ՀՀ-ում քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում»:
![]()