Ձեռք բերված փորձը պարտավորեցնում է բարձրացնել նշաձողը և ամեն արդյունքի հաջորդեցնել նոր առաջընթաց. Նահապետյան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձի և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակցի օրվա կապակցությամբ այսօր կազմակերպվել է հանդիսավոր նիստ, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, Կոմիտեի նախագահի տեղակալները, Կոլեգիայի անդամները, քննչական և օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև կառույցի մյուս ծառայողներն ու աշխատակազմը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Հակակոռուպցիոն կոմիտեի հարգելի՛ աշխատակիցներ

Ուրախ եմ ողջունել Ձեզ և շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման հինգերորդ տարեդարձի և Կոմիտեի աշխատակցի մասնագիտական տոնի առթիվ։

Հինգ տարին կառույցի կայացման կարևոր հանգրվան է։ Այս ընթացքում Կոմիտեն ձևավորել է մասնագիտական ներուժ, կուտակել փորձ և ամրապնդել իր կարողությունները՝ կոռուպցիոն հանցագործություններին արդյունավետ արձագանքելու և նոր ռիսկերը բացահայտելու համար։

Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ կոռուպցիայի դեմ հետևողական և անզիջում պայքար մղելու հանձնառության ինստիտուցիոնալ արտահայտությունն է։ Այսօր մեր պարտականությունն է՝ այդ հանձնառությունը վերածել ամենօրյա աշխատանքի և հանրության համար տեսանելի արդյունքների։

Կոռուպցիայի դեմ պայքարի նշանակությունը, սակայն, չի սահմանափակվում բացահայտված դեպքերի կամ քննված վարույթների թվով։ Դրա վերջնական նպատակը այնպիսի պետություն ունենալն է, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ, իսկ քաղաքացին վստահ է, որ արդարությունը վեր է պաշտոնից, անձնական կապերից ու ազդեցությունից։

Մեծարգո՛ Վարչապետ

Ձեր ներկայությունն այս միջոցառմանը ևս մեկ անգամ ընդգծում է կոռուպցիայի դեմ պայքարին տրվող պետական կարևորությունը։ Այդ ուշադրությունը մեզ համար պատասխանատվություն է՝ ապահովելու սկզբունքային և անաչառ քննություն, ինքնուրույն որոշումներ ու համոզիչ արդյունքներ։

Անցած հինգ տարիների ընթացքում Կոմիտեի կողմից քննվել է 7 524 քրեական վարույթ։ Դրանցից 1050-ը՝ 2481 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Ընթացք է տրվել 23 173 դիմում-հաղորդման։ Այս թվերի հետևում մեր քննիչների, օպերատիվ աշխատակիցների և մյուս ծառայողների հետևողական աշխատանքն է՝ հաճախ բարդ պայմաններում, մեծ ծանրաբեռնվածությամբ և պատասխանատվության բարձր գիտակցմամբ։

Անդրադառնալով 2026 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներին՝ նշեմ, որ Կոմիտեի քննիչները նախաքննություն են իրականացրել 2472 քրեական վարույթով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2061-ի դիմաց։

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 286 վարույթ՝ 799 անձի վերաբերյալ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել են 170 վարույթ՝ 431 անձի վերաբերյալ։

Այսպիսով՝ դատարան ուղարկված վարույթների թիվն ավելացել է 116-ով, իսկ դրանցով անցնող մեղադրյալների թիվը՝ շուրջ 85 տոկոսով։

Ընթացիկ և ավարտված վարույթներով դրամական տեսքով փաստացի վերականգնվել է շուրջ 327 միլիոն դրամ։ Արգելադրվել է շուրջ 24 միլիարդ 300 միլիոն դրամի անշարժ և շարժական գույք։ Համայնքներին վերադարձվել է ապօրինի օտարված 19 հողատարածք՝ շուրջ 873 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ։

Մեր ուշադրության կենտրոնում են եղել նաև տևական ժամանակ քննվող վարույթները։ Վերջին ինն ամսում ընթացքը լուծված վարույթներից 79-ը քննվել են երկու տարուց ավելի, իսկ 87-ը՝ մեկ տարի ժամկետում։ Դրանց թվում են հանրային հնչեղություն ստացած, նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ վարույթները։ Այստեղ մեր մոտեցումը հստակ է․ յուրաքանչյուր վարույթ պետք է ստանա հիմնավորված իրավական լուծում՝ պատշաճ քննության արդյունքում և ողջամիտ ժամկետում։

Կոմիտեի ուշադրության կենտրոնում է մնացել 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնության հանգամանքների բացահայտումը, խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված աշխատանքը և տեղի ունեցածին համարժեք իրավական գնահատական տալը պետական պատասխանատվության հարցեր են։ Անցնող ժամանակը չի նվազեցնում այդ հանգամանքները լիարժեք բացահայտելու կարևորությունը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 18-ի վճռից հետո ձևավորվել է քննչական խումբ, իրականացվել են մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողություններ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանքներ են ներկայացվել նաև մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց։

Հաշվետու ժամանակահատվածում հիմնական վարույթից անջատվել և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել հինգ քրեական վարույթ՝ 10 անձի վերաբերյալ։ Եվս 11 մեղադրյալի մասով նախաքննությունը շարունակվում է։ Կոմիտեն հետևողականորեն շարունակելու է աշխատանքը՝ ապահովելու ամբողջական, անաչառ քննություն և բոլոր հանգամանքների պատշաճ իրավական գնահատական։

Մեր գործունեության կարևոր առաջնահերթություններից է եղել նաև ընտրական գործընթացների օրինականության պաշտպանությունն ու ընտրական կոռուպցիայի դեմ հետևողական պայքարը։ Այն ոչ միայն իրավապահ մարմնի գործառույթ է, այլև՝ ժողովրդավարական արժեքների պահպանման կարևոր նախապայման։

Այս սկզբունքային մոտեցումը գործնական արտահայտություն է ստացել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում և դրանց առնչությամբ Կոմիտեի իրականացրած աշխատանքներում։ Մասնավորապես՝ նույն ժամանակահատվածում Կոմիտեում նախաձեռնվել է ընդհանուր առմամբ 243 քրեական վարույթ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 321 անձի նկատմամբ։ 276 անձի վերաբերյալ կազմվել են մեղադրական եզրակացություններ և վարույթներն ուղարկվել են դատարան։

Հատկանշական է, որ համապետական ընտրությունների ընթացքում բացահայտված դեպքերի շուրջ 70 տոկոսը նախաձեռնվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների ներկայացրած հաղորդումների հիման վրա։ Միևնույն ժամանակ քննությունների ընթացքում վեր են հանվել նաև ընտրական հանցագործություններին նպաստող օրենսդրական բացեր և այլ հանգամանքներ։ Դրանց վերացման նպատակով համապատասխան առաջարկություններ են ներկայացվել պատկան մարմիններին։ Այլ կերպ՝ մեր խնդիրն է եղել ոչ միայն բացահայտել հանցագործությունները, այլև միաժամանակ նպաստել դրանց կրկնությունը կանխող լուծումների ձևավորմանը։ Այդ նպատակով իրականացվել են նաև լայնածավալ իրազեկման միջոցառումներ՝ տեսանյութերի, մամուլի և SMS հաղորդագրությունների միջոցով։ Իրականացված կանխարգելիչ միջոցառումներն ունեցել են նաև շոշափելի գործնական արդյունքներ։ Մասնավորապես՝ արձանագրվել է Կոմիտեի հետ քաղաքացիների հաղորդակցման և համագործակցության ակտիվացում, ավելացել են թեժ գծի ծառայություն ստացվող զանգերը, օպերատիվ ստորաբաժանումներին տրամադրվող տեղեկություններն ու դրանց հետ համագործակցելու պատրաստակամությունը։ Ավելին՝ քրեական վարույթների շրջանակներում ձեռք են բերվել ցուցմունքներ, որոնց համաձայն՝ իրազեկման տեսանյութերին ծանոթանալուց հետո առանձին անձինք հրաժարվել են ընտրական կոռուպցիոն բնույթի՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից։

Հաշվետու ժամանակահատվածում օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների կողմից բացահայտվել են կոռուպցիոն բնույթի բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում՝ բարդ, բազմադրվագ և հանրային հնչեղություն ստացած։ Արդյունքում ներկայացվել է 198 հաղորդում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 67-ի դիմաց։

Նույն ժամանակահատվածում, աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով, նախաքննական և օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումներում ներդրվել են գնահատման հստակ չափանիշներ։ Դրանք հնարավորություն են տալիս նվազեցնել սուբյեկտիվ մոտեցումները, գնահատել ծառայողների արդյունքները և հիմնավորված որոշումներ կայացնել առաջխաղացման, խրախուսման ու մասնագիտական զարգացման հարցերում։

Միաժամանակ գործուն աշխատանքներ են իրականացվել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման արդյունավետության բարձրացման և տվյալների համակողմանի վերլուծության նպատակով արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ ծրագրային լուծումներ ձեռք բերելու և դրանք առօրյա աշխատանքում ներդնելու ուղղությամբ։

Այս ամենին զուգահեռ՝ Կառավարության աջակցությամբ շարունակվել են ծառայողների աշխատանքային պայմանների բարելավման և նյութատեխնիկական բազայի ամրապնդման աշխատանքները։ Գործնական ընթացք է ստանում նաև Կոմիտեի համար միասնական, ժամանակակից և գործառութային պահանջներին համապատասխան վարչական համալիրի կառուցման գաղափարը։

Մեծարգո՛ պարոն վարչապետ, օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Կոմիտեի զարգացման նկատմամբ ուշադրության, աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված աջակցության համար։

Բարձր եմ գնահատում նաև իրավապահ համակարգի մեր գործընկերների հետ համագործակցությունը։ Համատեղ աշխատանքը, տեղեկատվության պատշաճ փոխանակումն ու մասնագիտական փոխաջակցությունն էապես նպաստում են մեր առջև դրված խնդիրների լուծմանը։

Առաջիկայում մեր առաջնահերթություններն են լինելու տևական ժամանակ քննվող վարույթների պատշաճ քննությունն ու դատավարական ավարտը, պատճառված վնասի վերականգնումը, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի և ֆինանսական միջոցների հայտնաբերմանն ու վերադարձմանն ուղղված աշխատանքի ակտիվացումը։

Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը՝ այն համադրելով Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթությունների և երկրի զարգացման ռազմավարական նպատակների հետ։ Մեր աշխատանքի չափանիշը պետք է լինի յուրաքանչյուր որոշման իրավաչափությունը, քննության որակը և հանրային շահի պաշտպանությունը։

Սիրելի՛ գործընկերներ, ևս մեկ անգամ շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում Ձեր աշխատանքի, սկզբունքայնության և նվիրումի համար։ Ձեր մասնագիտական գիտելիքներից, պատասխանատվությունից ու ամենօրյա որոշումներից է կախված կառույցի հեղինակությունը։

Մեր անցած հինգ տարիները հիմք են հաջորդ տարիների ավելի պահանջկոտ աշխատանքի համար։ Ձեռք բերված փորձը պարտավորեցնում է բարձրացնել նշաձողը և յուրաքանչյուր արդյունքին հաջորդեցնել նոր առաջընթաց։

Բոլորիդ մաղթում եմ առողջություն, տոկունություն և հաջողություններ՝ ի շահ օրենքի գերակայության, արդարության և Հայաստանի Հանրապետության»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ