![]()
Հայաստանը պատրաստվում է բաց ծով դուրս գալ սեփական նավերով և ունենալ սեփական նավահանգիստ: Այդ նպատակով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը այս շաբաթ արդեն ավարտեց Հայաստանի Ծովային օրենսգրքի ստեղծման աշխատանքը, որը խորհրդարանը կքննարկի աշնանային նստաշրջանում:
Այս օրենսդրություն երկու նպատակ ունի՝ կստեղծվի Լարսին այլընտրանք և երկրորդ՝ կարող է պետական բյուջե լրացուցիչ գումարներ բերել:
Ընդհանրապես նավը առանց որևէ երկրի դրոշի չի կարող դուրս գալ ծով: Այսինքն՝ դրանք պետք է պատկանեն որևէ երկրի, ինչի համար էլ վճարում են այդ երկրին: Արմեն Փամբուխչյանը ուսումնասիրել է Մոլդովայի և Մոնղոլիայի փորձը, որոնք ուղիղ ելք չունեն ծով, սակայն օգտվում են ՄԱԿ-ի կոնվենցիայից և ունեն նավահանգիստ ու մոտ 1000-ի հասնող նավեր:
Գլխավոր նախապայմանն է, որ երկրները պարտադիր պետք է ունենան սեփական նավահանգիստ: Հարևան երկրներից Թուրքիան չի միացել ՄԱԿ-ի այս կոնվենցիային: Այս առումով Հայաստանը մտադիր է բանակցություններ սկսել Վրաստանի հետ: Նախնական ու բանավոր պայմանավորվածություն արդեն կա:
![]()
Հայաստանը կարող է և պետբյուջեով նավահանգիստ վարձակալել ու նավեր գնել, կարող է նաև մասնավոր ներդրողների հրավիրել: Այս իմաստով արդեն կան մասնավոր ներդրողներ, որոնք հետաքրքրված են այս նախագծով: Օրենքը ընդունվելուց հետո մոտ 2 տարի կպահանջվի մյուս բոլոր ընթացակարգերը անցնելու համար:
![]()