Քաղաքացիները կամավոր տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել. ՆԳՆ-ն հայտնաբերել և առգրավել է

Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման, ինչպես նաև կամավոր հանձնման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու բացատրական աշխատանքները։

ՆԳՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 4-ին Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ սպանության մեղադրանքով կալանավորված 69-ամյա տղամարդը Կապանի Բաղաբուրջ թաղամասում գտնվող տան հարակից անասնագոմի տանիքում զենք-զինամթերք է պահում։

Նշված վայրի զննությամբ հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով:

«Նույն օրը գրանցվել են նաև ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Սիլիկյան թաղամասում՝ Սպանդարյան կայարանի տարածքում։

Նշված վայրում հայտնաբերվել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, երկու նռնակ՝ պայթուցիչներով, և 30 փամփուշտ։

Կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

Նոյեմբերի 4-ին օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Կորեայի ձորի հասցեներից մեկի մոտ։ Նրա նշած վայրում հայտնաբերվել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, երեք նռնակ և 156 փամփուշտ։

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող կիսակառույց շենքում։

Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, «Կարաբին» տեսակի ակոսափող հրացան, մեկփողանի և երկփողանի չորս հրացան, թմբուկավոր և գազային ատրճանակներ, նռնակներ, պայթուցիչներ, գնդացիրի և ինքնաձիգի 570 փամփուշտ և այլ զինամթերք։

Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև նոյեմբերի 5-ին։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Աբովյան քաղաքից Ջրաբեր տանող ճանապարհին։

Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, որսորդական և օդամղիչ հրացաններ, «Մակարով» տեսակի ատրճանակ, տարբեր տեսակի ինը նռնակ և 241 փամփուշտ»,- հայտնել են ՆԳՆ-ից հիշեցնելով, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքում օրենքով նախատեսված է քրեական պատասխանատվություն։

«Իսկ կամավոր հանձնման դեպքում, օրենքով սահմանված պայմանների պահպանմամբ, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Հետևեք կամավոր հանձնողների օրինակին և օգտվեք օրենքով նախատեսված՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորությունից»,- հորդորել են ՆԳՆ-ից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ