Միրգ, միս և կաթնամթերք. որ ապրանքներն են թանկացել, որը՝ էժանացել

2026թ. հոկտեմբերին 2025թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.6% գնաճ, իսկ 2026թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.2 % գնանկում: Zarkerak.am-ը տվյալները վերցրել է ՀՀ Վիճակագրության կոմիտեից:

Ընդհանուր առմամբ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2026թ. հոկտեմբերը 2025թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 4.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.3%:

Օրինակ՝ առաջնային նշանակության ապրանքատեսակներից հացաբուլկեղենի և ձավարեղենի համար 2025 թվականի հոկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 2.6 %, իսկ 2026 թվականի սեպտեմբերի նկատմամբ 0.2%:

Մսամթերքի դեպքում պատկերը փոքր-ինչ այլ է. նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 10.8 %, իսկ սեպտեմբերի համեմատ 0.7%: Այստեղ բավականին բարձր է տավարի մսի գնի աճը, որը 2025-ի հոկտեմբերի համեմատ կազմում է 22.2 %, որն նախորդ ամսվա համեմատ աճել է միայն 1%-ով: Ոչխարի մսի դեպքում՝ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 11.1 %, որը նախորդ ամսվա համեմատ կրկին աճել է 1%-ով: Թռչնամսի համար էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 5.3 %, որն նախորդ ամսվա համեմատ աճել է ընդամենը 0.9%:

Նկատելի գնանկում առկա է ձկնամթերքի պարագայում. 2025 թվականի հոկտեմբերի համեմատ այն նվազել է 22.2 %, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 4.8%: Այս դեպքում 2025 թվականի համեմատ թարմ իշխան ձկան գինը նվազել է՝ հասնելով 17.8%-ի:

Նախորդ տարվա համեմատ գնաճի բավականին բարձր տոկոս նկատվում է կաթնամթերքի ոլորտում (ներառյալ ձուն), որը 2026-ի հոկտեմբերին հասել է 8%-ի: Ընդգծենք, որ սա համեմատած սննդամթերքի մյուս ոլորտների համեմատ շարունակում մնալ ամենաբարձր գնաճ գրանցածը: Չնայած սրան՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի համեմատ այստեղ գնաճը այնքան էլ մեծ չէ և կազմում է 0.3%:

Կաթնամթերքի ոլորտում նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բավականին բարձր է գնաճը կաթնաշոռի, պանրի, պաստերիզացված կաթի ու թթվասերի դեպքում, որն ընդհանուր առմամբ տատանվում է 6.2-2.2%-ի միջև: Նույն ժամանակահատվածի համեմատ՝ բավականին բարձր է ձվի գնաճի տոկոսը, որը կազմում է 19.4%:

Պատկերն այլ է միրգ-բանջարեղենի պարագայում: Եթե միրգը 2025 թվականի հոկտեմբերի համեմատ աճել է 6.8 տոկոսով, ապա այս տարվա սեպտեմբերի համեմատ առկա է 5.4 % գնանկում: Բանջարեղենի դեպքում նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ գնաճը քիչ է՝ 5 %, իսկ 2026-ի սեպտեմբերի համեմատ առկա է 4.6 % աճ:

Գնաճի բարձր տեմպեր նկատվում է նաև ծխախոտային արտադրատեսակների և ալկոհոլային խմիչքների ոլորտում: Այստեղ օղու դեպքում նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ կազմում է 11.2 %, որն այս տարվա ընթացքում բարձրացել է 0.8%: Ծխախոտային արտադրատեսակների պարագայում 2025-ի հոկտեմբեր համար աճը կազմել է 6.9 %, իսկ ընթացիկ տարվա դեպքում՝ 0.1 %:

Թանկացում նկատվում է նաև ոչ պարենային ապրանքների շուկայում՝ մասնավորապես հագուստի, կոշիկի, կահույքի ու կենցաղային տեխնիկայի ապրանքախմբերի դեպքում, որը 2026թ. հոկտեմբերի 2025թ հոկտեմբերի համեմատ կազմել է 2.8%, իսկ 2026թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7%:

Բենզինի և դիզելային վառելիքի դեպքում գնաճ-գնանկում հարաբերակցությունը բավականին տատանվող է: Եթե 2026 թվականի հունվարի դրությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առկա է բենզինի 5.7 % գնանկում, ապա արդեն հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք 17.3% գնաճ:

Դիզելային վառելիքի պարագայում ունենք այլ պատկեր: 2025 թվականի հունվարի հետ համեմատությամբ ընթացիկ տարվա հունվարին գնանկումը կազմել է 3.3 %, մինչդեռ հոկտեմբերին՝ կրկին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, գնաճը կազմում է 37.3%:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ