Աբովյանի սեփականության իրավունքը կվերականգնվի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ. հաշտության համաձայնություն է կնքվել

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի սեպտեմբերի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձանց՝ աճուրդներն անվավեր ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

«Կոտայքի մարզի դատախազության դատախազի հսկողությամբ քննվող քրեական վարույթին զուգահեռ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն իրականացրել էր պետշահերի ուսումնասիրություն։

Ուսումնասիրությամբ պարզվել էր, որ մանկապարտեզի շենքն օտարվել է այն պայմաններում, երբ մանկապարտեզը փաստացի լուծարված չի եղել, շարունակել է գործել, ունեցել է տնօրեն և աշխատակիցներ։ Ընդ որում՝ գույքն օտարվել է ՍՊ ընկերությանը, որի տնօրենը մանկապարտեզի տնօրենի որդին է:

Մանկապարտեզի շենքն օտարելուց հետո ՍՊ ընկերությունն այն օգտագործման իրավունքով տվել է համայնքին՝ մանկապարտեզի կողմից փաստացի շահագործելու նպատակով: Միաժամանակ պարզվել է, որ օտարման ենթակա գույքն ամբողջությամբ չի գնահատվել, այլ գնահատվել է դրա մի մասը:

Բացի այդ՝ 2004 թվականի հուլիսի 7-ին Աբովյան համայնքի ավագանին, կայացնելով համայնքի սեփականություն համարվող մանկապարտեզն օտարելու մասին թիվ 65-Ա որոշումը, հաստատել է օտարման գնի չափը և պայմանները, մինչդեռ համայնքի ղեկավարը գործարքով շեղվել է համայնքի ավագանու որոշմամբ սահմանված գնից և պայմաններից, որի հետևանքով պայմանագիրը կնքվել է ոչ թե համայնքի ավագանու, այլ համայնքի ղեկավարի՝ 2004 թվականի հուլիսի 26-ի թիվ 237 որոշմամբ սահմանված գնով և պայմաններով:

Դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 3-ի վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը։

Պետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքին կվերադարձվեն Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրում գտնվող շուրջ 1 միլիարդ 240 միլիոն դրամ շուկայական արժեքով 0,9167 հա մակերեսով հողամասերը, 3203,35 քմ մակերեսով մանկապարտեզը և դրան հարակից շենք-շինությունները:

Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ