![]()
«ԵԱՏՄ զեկույցը Հայաստանում է գրվել»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այդ զեկույցի հղումները, որ մտնում եք, որոշ կայքերի հայերեն տարբերակներն են։ Դա գրված է Հայաստանում, բայց սխալ զեկույց է։
ԱԺ-ում ասացի, որ 15.2 անգամ պակասել է Հայաստանից մոնիթորների արտահանումը դեպի ՌԴ, պարզ է, որ վերարտահանում է եղել, որը չկա։ Հիմա իրենք հաշվարկը տարել են այնպես, որ եթե այդ մոնիթորը Հայաստանում արտադրվեր, ինչքան ԱԱՀ, աշխատատեղ կլիներ։
Այնինչ այդ մոնիթորը եկել է այստեղ, որի համար վճարվել է ԱԱՀ, հետո դրանց 90 տոկոսը հետ են ստացել, արդյունքում ՀՀ-ում բան չի մնացել։
Գործարարի համար էլ քիչ շահույթ է եղել, հետևաբար իրենք շատ սխալ են հաշվարկել, և իրականում շատ անբարեխիղճ աշխատանք է կատարվել պատվիրատուների նկատմամբ»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել էր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների համատեղ զեկույցը՝ «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին»:
Դրանում արտացոլված է, թե ինչպես ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կարող է անդրադառնալ հանրապետության տնտեսության վրա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով զեկույցը, նշել էր, թե դրա իրական նպատակը Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելն է:
![]()