![]()
«Երկարաժամկետ հեռանկարում ամենևին էլ փաստ չէ, որ ՀՀ-ում միջազգային նշանակություն ունեցող միայն TRIPP նախագծի շրջանակում են երկաթուղիներ կամ երկաթուղի գործելու, կամ ամենևին էլ փաստ չէ, որ TRIPP նախագիծը երկաթուղի ունենալու է միայն ՀՀ հարավում։
Ուզում եմ ընդգծել այն կարևոր և պատմական հնարավորությունը, որ այսօր ունենք՝ Արևելք-Արևմուտք ամենակարճ ճանապարհը»։
Այս մասին Ազգային ժողովում 2027 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արևելք-արևմուտք ասելով՝ տվյալ դեպքում նկատի ենք ունենում ամենամեծ շուկաների կապը ամենամեծ շուկաների հետ, որովհետև Արևելքում էլ, Արևմուտքում էլ միշտ էլ կարելի է այլ կետեր գտնել, որոնք այս տրամաբանությանը կամ բանաձևին չեն ենթարկվում։ Բայց երբ ենթակառուցվածքների և մատակարարման շղթաների առումով Արևելք-Արևմուտք ենք ասում, նկատի ենք ունենում ամենամեծ շուկաների կապը ամենամեծ շուկաների հետ, ամենամեծ արդյունաբերական համակարգերի կապը ամենամեծ արդյունաբերական համակարգերի հետ կամ ամենամեծ մարդկային բնակչությունների կապը ամենամեծ բնակչությունների հետ։
Հետևաբար, երբ այս տրամաբանությանն ենք նայում, մեզ համար պարզում ենք մի շատ կարևոր ռեսուրս․ այդ ռեսուրսը հետևյալն է՝ արևելք-արևմուտք ամենակարճ կապն անցնում է ՀՀ հյուսիսով։
Առիթ ունեցել եմ ասելու, նույնիսկ կարող եմ կոնկրետ ասել՝ այդ ամենակարճ կապն անցնում է Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերով, և հետևաբար ակնհայտ է, որ մենք այս ուղղությամբ պետք է ամեն ինչ անենք մեծ ներդրումներ ներգրավելու համար։ Առաջին հերթին, իհարկե, մեր ուշադրությունը կենտրոնացած է երկաթուղիների, երկաթուղու և ավտոճանապարհների վրա»,- ասել է նա։
Փաշինյանը հիշեցրել է՝այնպես չէ, որ ՀՀ երկաթուղիները լավ վիճակում են, բայց կոնկրետ հյուսիսային երկաթուղու դեպքում Հաղարծին գյուղի հատվածում մի քանի տասնամյակ է, ինչ կա սողանք, որն անհնարին է դարձրել երկաթուղու աշխատանքը։
«Սրա վերականգնումը մեծ ներդրումներ է պահանջում, իսկ մեծ ներդրումները կարվեն այն պայմաններում միայն, եթե պոտենցիալ ներդրումը դրվի տնտեսական և ֆինանսական այնպիսի բանաձևի մեջ, որ որոշակի վստահություն լինի, որ ներդրումը շահույթով կվերադառնա,– ասաց նա և հավելեց։– Շատ կարևոր է, որպեսզի կարողանանք Իջևան-Հրազդան և Վանաձոր-Գյումրի երկաթուղային գծերը միացնել իրար, որպեսզի իմ նշած ուղեգծով ունենանք երկաթուղային կապ»։
Փաշինյանն էական է համարել նաև Երասխի և Ախուրիկի հատվածներում երկաթուղու վերականգնումը՝ տեղեկացնելով, որ այդ թեմայով քննարկումները շարունակվում են ՌԴ գործընկերների հետ, և որ առաջիկա 3 ամսում պետք է կողմնորոշվել այդ հարցում։
![]()