![]()
Ազգային ժողովում մեկնարկել են 2027 թ. պետբյուջեի նախագծի նախնական քննարկումները, որոնց մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ներկայացրած նախագծով՝ 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ, ծախսերը՝ 4 տրիլիոն 72 միլիարդ դրամ։
Պետբյուջեի եկամուտների հիմնական մասը՝ 3 տրիլիոն 462.7 միլիարդ դրամը, նախատեսվում է ապահովել հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին։
Կառավարության կանխատեսմամբ՝ 2027 թվականին տնտեսական աճը կկազմի 5.8 տոկոս։
Բյուջեի նախագծի քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում կշարունակվեն մինչև նոյեմբերի 11-ը, իսկ խորհրդարանի լիագումար նիստում նախագիծը կքննարկվի նոյեմբերի 17-ից մեկնարկող նիստերի ընթացքում։
Վարչապետն ԱԺ-ում իր խոսքում ասել է, որ ՀՀ պետական բյուջեն ՀՀ քաղաքացու ընտանեկան բյուջեի մեծ մասն է։
«Լավ ապրելու մոդելը աշխատանքն է, այլ մոդել չկա: Կան մարդիկ, որ կարող են կարծել, որ գողանալը, երկիրը թալանելը լավ ապրելու մոդել է, բայց մեր ուղերձը սա է՝ լավ ապրելու մոդելը աշխատանքն է»,- ասել է Փաշինյանը ԱԺ-ում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ:
![]()